Արդեն տեղեկացրել ենք , որ Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի դիմումը ուղարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի քննարկմանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է փետրվարի 9-ին ՀՀԿ մի քանի պատգամավորների կողմից` իրենց գործընկերների փոխարեն քվեարկելուն, «ուրիշի կոճակը սեղմելուն»:
Այս կապակցությամբ «Առավոտը» խնդրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի մեկնաբանությունը, որը այդ դեպքից արդեն իսկ շատ վրդովված է:
Նա ասաց.«Դիմելով ՀՔԾ-ին, Ռուբեն Թորոսյանը ցանկացել է հարցին տալ դատաիրավական, դատավարական օրենսգրքերով շարժվելու ուղղություն: Իսկ եթե ՀՔԾ-ից ուղարկում են Նիկոյանին, դրանով փոխում են դաշտը, ուզում են վարչական մեխանիզմներով աշխատել: Եթե հարցը դրվում է, թե ի՞նչ կպատասխանի Նիկոյանը, ապա նրա պատասխանը պարզից էլ պարզ էր արդեն այդ քվեարկությունները կեղծելու ընթացքում, որովհետեւ, եթե ես հետեւում նստած տեսնում էի պատգամավորին, որն ուրիշի տեղը քվեարկում էր, ապա Նիկոյանի նստած տեղից երեւում էին բոլորը: Այնպես որ ՀՔԾ-ի գործելակերպի վերաբերյալ ես մերժողական վերաբերմունք ունեմ, եւ չեմ ակնկալում որեւէ դրական արդյունք Նիկոյանի կողմից: Նիկոյանը բանի տեղ չի դնի, դա կանցնի կգնա: Եվ կմնա միայն պարոն Բաբլոյանի ներողությունը, որը նա իր դաստիարակության շնորհիվ խնդրեց: Բայց խնդիրն այստեղ շատ ավելի լուրջ է. արդեն իսկ տեսանյութերով արձանագրվել է, որ առնվազն վեց ձայն կեղծված է եղել, դա նշանակում է, որ բոլոր այն օրենքները, որոնք փետրվարի 9-ին ընդունվել են քվեարկությամբ, չեն կարող համարվել օրինական ձեւով ընդունված, քանի որ այդ օրը բոլոր կեղծիքներով հանդերձ՝ մաքսիմում արձանագրվել են 69 եւ 70 ձայն, եւ երբ հանում ենք 6 ձայն, ստացվում է, որ քվորում չի եղել: Ինչո՞ւ եմ ասում առնվազն 6 եւ ոչ թե 7, որովհետեւ ես ուսումնասիրել եմ արձանագրությունները եւ տեսել եմ, որ այնտեղ, որտեղ Կարեն Ավագյանի տեղը քվեարկել են, ոչ թե գրված է, որ Կարեն Ավագյանը բացակա է, իսկ դա այդպես է, քանի որ նա Բրյուսելում էր, այլ գրված է «չի քվեարկել», այնինչ նրա տեղը քվեարկել էր պատգամավոր տիկինը: Ստացվում է, որ երկրորդ կեղծիքն է տեղի ունեցել, կեղծել են նաեւ արձանագրությունը»:
Մեր հարցին` իսկ ի՞նչ եք կարծում, այս վերջին դեպքի հետ կապված աղմուկից հետո որեւէ բան կփոխվի՞, ավելի զգաստ կլինե՞ն պատգամավորները, թե՞ կշարունակեն ավանդույթի համաձայն քվեարկել իրենց բացակա ընկերների փոխարեն, տիկին Ալավերդյանը պատասխանեց. «Դա կախված կլինի ԶԼՄ-ների ներկայացուցիչներից, որոնցից ես շնորհակալ եմ, եւ կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության այդ խմբի ակտիվության շնորհիվ միայն մենք կարող ենք տեսնել ազնիվ քվեարկություն գոնե ԱԺ-ում»:
Կարդացեք նաև
Իսկ ընդհանրապես, «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը բավականին բարկացած էր Սամվել Նիկոյանի վրա. «Պարոն Նիկոյանը ընդհանրապես կամայականության նոր ձեւերի կերտողն է: Նոր օրինակ բերեմ` երեկ ՀՀ ԱԺ-ից Արցախ է մեկնել մի պատվիրակություն, գնացել են ԼՂՀ 20-ամյակին նվիրված կոնֆերանսին: Եվ այդ պատվիրակության մեջ ընդգրկվելու համար «Ժառանգությունը» որեւէ տեղեկություն անգամ չի ունեցել: Դա կամայականության դրսեւորում է, որեւէ նորմի բացարձակ ոտնահարում է, թե ի՞նչ է ուզում դրանով ապացուցել պարոն Նիկոյանը`չգիտեմ, բայց որ դրանով նա շատ վատ ծառայություն է մատուցում իր իսկ ղեկավարությանը` դա մեկից մեկ է»: