Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բուտիկ պահող ոստիկանները» բնապահպանների նկատմամբ ֆիզիկական ուժ գործադրեցին (Տեսանյութ)

Փետրվար 17,2012 12:55

«Անօրեն ոստիկան», «բուտիկ պահող ոստիկաններ», «Ամո’թ»,- այս եւ այլ կոչերով այսօր Մաշտոցի այգում բնապահպանական ակտիվիստները փորձում էին մտնել հանրային այգու տարածք, ինչին ոստիկանները խոչընդոտում էին` ասելով, թե «մենք այստեղ քաղաքացիների անվտանգությունն ենք պահում»: Բնապահպանների եւ ոստիկանների միջեւ բախման արդյունքում ակտիվիստներից մի քանիսն ընկան գետնին: Ոստիկանները հրելով ու բռնի ուժով բողոքի մասնակիցներին քշում էին շինարարական տարածքից հեռու, իսկ իրենց հասցեին ուղղված կոչերին պատասխանում էին` «ավել պակաս մի խոսա, կամերան մի մտցրու բերանս» եւ քաշքշում էին ակտիվիստների գլխարկներից:

Ակտիվիստները ոստիկաններից պահանջում էին ծառայել ոչ թե քաղաքապետին, այլ` ՀՀ քաղաքացիներին: Ակցիայի մասնակիցների խոսքերով` «Ասում էիք, որ գալու եք մեր դիակները փռեք, եթե մեկ էլ գանք` դե եկեք փռեք: Էստեղ երեխեք են ծնվում, չեն գալու էստեղից թուրքի շոր առնեն կամ քյաբաբ առնեն, լցնեն իրենց փորները, գնացեք ստեղից բոլորդ»:
Քիչ հետո ժամանեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը, որը ոստիկանների հետ բանակցում էր: Նա ակտիվիստներից պահանջեց դիմում ներկայացնել, մինչդեռ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նրան տեղեկացրեց, որ Ստյոպա Սաֆարյանն արդեն դիմում գրել է:

ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցչի խոսքերով` «Մենք արձանագրել ենք, որ ձեզ բռնի ուժով հանել են, դեմ չենք: Ոստիկանության գործողություններն ապօրինի են, մենք կզեկուցենք մեր ղեկավարությանն արդեն»:

Ոստիկանության մայոր Արթուր Պողոսյանն ափերից դուրս եկավ հատկապես այն ժամանակ, երբ ակտիվիստներն իրենց պլակատները փորձեցին կախել ոստիկանների մեջքից, երբ նրանք շղթա բռնած` թույլ չէին տալիս քաղաքացիներին մի քայլ առաջ գնալ:

Ոստիկաններն ասում էին, որ «Մենք համոզված ենք, շինարարությունն անօրեն չէ, կա  քաղաքապետի հանձնարարականը, դուք շատ բան եք պահանջում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829