Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է անհետացել 53-ամյա բագրատաշենցին

Փետրվար 17,2012 12:47

Նորիկ Մինասյանը

Բագրատաշենի 53-ամյա բնակիչ Նորիկ Մինասյանը 2011թ. դեկտեմբերի 21-ից անհետացել է: Հարազատները չգիտեն նրա գտնվելու վայրը, ենթադրում են, որ Ռուսաստան է գնացել` փող աշխատելու, քանի որ ընտանիքի ծանր կացության պատճառով չէր կարող տանը նստել:

Հազիվ թե Նորիկը կարողանա փող վաստակել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ,սրտի եւ մեջքի ցավերը տանջում են նրան, քայլում է կռացած: Սակայն նա այլ ելք չունի: Նորիկի 30-ամյա որդին Վանաձորի քրեակատարողական հիմնարկում է, հարազատները Սեդրակին «պերեդաչի» տանելու հնար չունեն:

30-ամյա Սեդրակ Մինասյանն 2011թ ապրիլի 13-ից կալանավորված է: Նա այդ օրը, որպես պայմանագրային զինծառայող, գտնվում էր Կոթի գյուղի պաշտպանական դիրքերում: Մինչ պայմանագրային զինծառայող դառնալը Սեդրակը դարձել է մաքսանենգության մասնակից:

Սեդրակի մոր` Սիրուշ Մարալչյանի խոսքերով` համագյուղացի Արմեն Անտոնյանը եկել, ասել է, որ փայտ բեռնելու գործ կա, թող Սեդրակը գա, օգնի: Ծնողների վկայությամբ` գործազուրկ Սեդրակին Արմեն Անտոնյանն այդ աշխատանքի համար 3 հազար դրամ պիտի վճարեր: Սակայն այդ գումարը Սեդրակն այդպես էլ չի ստացել, եւ փայտ բեռնելու փոխարեն նրան այլ գործ էր սպասում: Գործարար Խաժակ Մանուչարյանը ցանկացել է գնել 50 հատ ոչխար: Բագրատաշենցի Արմեն Անտոնյանի հետ գործարարը համաձայնության է եկել, որ այդ ոչխարները պետք է ներկրվեն Վրաստանից, մաքսանենգ ճանապարհով: Այդ նպատակով Արմեն Անտոնյանը 2009 թ. նոյեմբերի կեսին հանդիպել է սահմանապահ ուղեկալի պետի տեղակալ Սուրեն Փիլումյանի հետ, պայմանավորվել են, որ վերջինս 350 դոլար կաշառքի դիմաց թույլատրի Դեղձավան գյուղի սահմանապահ ուղեկալի ինժեներատեխնիկական կառույցների 2-րդ դարպասով անցկացնել ոչխարի հոտը:

2009թ. նոյեմբերի 19-ին 50 ոչխարը մաքսանենգ ձեւով տեղափոխվել է Հայաստան, Սեդրակն օգնել է ուղեկալի դռները բացելուն: Սեդրակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 215 հոդվածի 1-ին մասով եւ 329 հոդվածի 2-րդ մասով: 2010 թ. սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Սեդրակ Մինասյանին դատապարտել է 3 տարի եւ մեկ ամիս ազատազրկման:

Մաքսանենգության գործով դատապարտվել են նաեւ Սուրեն Փիլումյանը, Արտակ Պետրոսյանը, Արմեն Անտոնյանը, Արթուր Ենոքյանը, Խաժակ Մանուչարյանը: Ոչխարների մաքսանենգության կազմակերպիչ Արմեն Անտոնյանը մինչեւ այժմ փախուստի մեջ է:

Սեդրակի քրոջ` Հերմինեի խոսքերով` Արմեն Անտոնյանն երկվորյակ եղբոր անձնագրով Բագրատաշենի մաքսակետով հատելէ հայ-վրացական սահմանը: Հայաստանի Առաջին Հանրապետության հոբելյանի կապակցությամբ հայտարարված համաներումով՝ Սեդրակ Մինասյանի պատիժը մեկ ամսով կրճատվել է, դարձել ուղիղ երեք տարի: Սեդրակ Մինասյանը ներման խնդրագիր է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն այն չի բավարարվել:

Տիկին Սիրուշը որդուն ներելու խնդրանքով երկու անգամ դիմել է երկրի նախագահին: Առաջին դիմումից հետո մերժման նամակ է ստացել Գլխավոր դատախազությունից: Երկրորդի դիմումին ի պատասխան՝ ՀՀ նախագահի աշխատակազմից պատասխանել են, որ այդ հարցը կքննվի ապրիլի 13-ից հետո, երբ լրանա Սեդրակի ազատազրկման մեկ տարին:

Մինասյանների ընտանիքը կարեկցանքի եւ աջակցության կարիք ունի: Բազմանդամ ընտանիքը բնակվում է բազմաբնակարան շենքի կիսանկուղային հարկի մեկսենյականոց բնակարանում: 1988 թ. երկրաշարժից տան պատերին ճեղքեր են գոյացել, խոնավությունից առաստաղը եւ պատերի անկյունները քրքրվել են: Դրանք կարկատված են կպչուն ժապավեններով: Հատակը խոնավությունից ուռել է: Սենյակի անկյունում` մահճակալին անշարժ պառկած է Սեդրակի քույրը`19-ամյա Աննան, որը մանկուց տառապում է ուղեղային կաթվածով: Աղջկան թանկ դեղեր են անհրաժեշտ, սակայն նրա հաշմանդամության թոշակը 12 հազար դրամ է: Նույն սենյակում է բնակվում նաեւ Սեդրակի կին Սվետան` իր մեկուկես տարեկան դստեր հետ: Տիկին Սիրուշն եւ նրա 30-ամյա ամուսնալուծված դուստրը` Հերմինեն աշխատանք չունեն, Մինասյանները ընտանեկան նպաստ չեն ստանում, սոցապ նախարարությունից խոստացել են, որ մարտին ընտանիքին հրատապ դրական օգնություն կտրվի:

Երկրի նախագահը կների՞ սոցիալական դժվարին վիճակում գտնվող ընտանիքի անդամին, որը, գործազուրկ լինելով, 3 հազար դրամի համար խախտել է հայ-վրացական սահմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829