Հատված «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ հարցազրույցից. «Մեր ընդդիմախոսները, ցավոք, որեւէ լուրջ փաստարկ չբերեցին մեծամասնական ընտրակարգը պահպանելու օգտին, բացի նրանից, որ ահաբեկեցին մեզ Հիտլերի ուրվականով եւ ինչ-որ անհասկանալի բաներ ասացին` պոռնոաստղ Չիչոլինայի հետ կապված։
Հիմնական փաստարկն այն է, որ մեծամասնականով ընտրված պատգամավորները ներկայացնում են տարածքների խնդիրները։ Հարց է ծագում` ինչի՞ համար են այդ դեպքում մարզպետարանները եւ տեղական ինքնակառավարման մարմինները։
Կամ` օրինակ, «Ժառանգության» պատգամավորներին ի՞նչն է խանգարել` զբաղվելու ե՛ւ Քաջարանի, ե՛ւ Թռչկանի, ե՛ւ Թեղուտի, ե՛ւ այլ տարածքների հուզող բազմաթիվ այլ խնդիրներով։ Ի՞նչ է, արդեն հասել ենք ծովից ծով Հայաստանի սահմաններին, եւ մի կետից մյուս կետը տեղափոխվելը շատ դժվա՞ր է։
Նույն Հանրապետականի ցուցակով ընդամենը մի տարի առաջ պատգամավոր դարձած Հովհաննես Սահակյանը ավելի շատ է բարձրաձայնում տեղական խնդիրները, քան մեծամասնականով ընտրված շատ պատգամավորներ։ Անգամ սոցհարցումներն են ցույց տալիս, որ ընտրողների 70 տոկոսը նույնիսկ չգիտի` ով է իր մեծամասնական պատգամավորը, 99,9 տոկոսն էլ երեւի նրա հետ երբեւիցե չի շփվել։
Իշխանության տեսակետը հիմնավորող իրավաբաններից որեւէ մեկը հղում չի անում սահմանադրությանը, որովհետեւ իրենք էլ լավ գիտեն, որ այս օրենսդրական նախաձեռնությունը սահմանադրության հետ կապված որեւէ խնդիր չի առաջացնում։ Ժամանակի սղության վերաբերյալ նկատառումները նույնպես չեն դիմանում քննադատության, որովհետեւ օրենքը ընթացակարգերի որեւէ փոփոխություն չի ենթադրում եւ նախագահի կողմից ստորագրվելուց մեկ վայրկյան անց կարող է կիրարկվել»:
Լիլիթ Պողոսյան
«Հայոց աշխարհ»