Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարիք կա՞ր ապամոնտաժել այդ տաղավարները, եթե դրանց «ապաստան» էր տրվելու պուրակում

Փետրվար 17,2012 11:56

Թե՛ Գլխավոր պողոտայի տվյալ հատվածում գտնվող պուրակը վերջնականապես չկորցնելու համար պայքարի ելած ակտիվիստների, թե՛ Երեւանի քաղաքապետարանի դիրքորոշումները, կարծում ենք, հնարավորինս պարզ են ձեւակերպված ու հասկանալի են։
Անհասկանալի են ու տարակուսանքի տեղիք են տալիս այլ հանգամանքներ, մասնավորապես Երեւանի քաղաքային իշխանության կեցվածքն ու մոտեցումը։
Ամենից առաջ, տեղին ու տրամաբանված է այն քննադատական հարցադրումը, թե ի՞նչ կարիք կար Աբովյան փողոցի մայթերից ապամոնտաժված բուտիկային տաղավարները տեղափոխել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մեկ այլ վայր։ Այն էլ ոչ թե պարզապես մեկ ուրի՛շ տեղ, այլ Գլխավոր պողոտա, որը, իր հերթին, ժամանակին նախագծվել ու ծրագրվել է հենց որպես պուրակ, հանրային զբոսայգի։ Էլի՞ մրից ելանք, մրջուրն ընկանք։ Ընդհանրապես կարիք կա՞ր ապամոնտաժել այդ տաղավարները, եթե դրանց «ապաստան» էր տրվելու պուրակում։
Առանձնապես շատ չենք կասկածում, որ փաստաթղթային ձեւակերպումների առումով միգուցե «ամեն ինչ կարգին է, օրենքի պահանջներին համապատասխան»։ Հայրենի բյուրոկրատական ապարատն աշխարհում լավագույններից չէ, բայց թղթերի հետ աշխատել մերոնք էլ ոնց որ թե գիտեն։ Բայց սա այն հարցն է, որ կարեւորը ոչ թե թղթերն են, այլ մարդի՛կ, երեւանցինե՛րը։
Հարգելի քաղաքապետարան, իսկ դուք հարցրե՞լ եք մե՛ր կարծիքը։ Գուցե մենք ամենեւին էլ համաձա՞յն չենք, որ առանց այն էլ հոշոտված, կաֆեների ու այլ օբյեկտների «տակ դրված» երեւանյան պուրակներից եւս մեկում նման առեւտրական «օջախ» առաջանա, որպես մի նոր ճարտարապետաքաղաքաշինական թարախապալար։
Ավելի պարզ ասած, ինչո՞ւ եք հանրային տարածքում կառուցապատման ծրագիր իրականացնում առանց նախնական հանրային քննարկման՝ հարուցելով անխուսափելի դժգոհություն։ Եվ չարժե մոլորության մեջ ընկնել հանգամանքից, որ այս ձյուն-ձմեռով երեկ բողոքի ցույց էին անում 15-20 հոգի, այլ ոչ թե 150-200։
Այնուհետ. ի՞նչ է ուզում ասել քաղաքապետարանը, շարունակ շեշտելով, թե «ոչ կանաչ գոտում» է կառուցապատում կատարվելու։ Քաղաքապետարանում ի՞նչ են հասկանում, ասելով՝ «կանաչ գոտի»։ Այսինքն՝ եթե պուրակի ծառերը չեն հատվում, ուրեմն ամեն ինչ «օ-քե՞յ» է։ Լավ, ո՞ւմ հասկանալի չէ, որ պուրակում առեւտրային մի նոր օջախ ստեղծելու հետեւանքով հիմնովին խեղաթյուրվելու են թե՛ տվյալ վայրի՝ որպես զբոսայգու նշանակությունն ու բովանդակությունը, թե՛ հետագայում «կանաչ գոտին» է աստիճանաբար կորուստներ ունենալու։
Կասկածողները թող գնան Օղակաձեւ զբոսայգի կամ շրջեն օպերայի մերձակայքում, այդ տարածքների կանաչ գոտիների ընդգրկումն ու ծավալը համեմատելով, ասենք, 20-25 տարի առաջ եղածի հետ։
Անորոշ ու, ըստ այդմ, մտահոգիչ է քաղաքային իշխանության նաեւ այն հայտարարությունը, թե տեղադրվող շինությունները լինելու են «ժամանակավոր»։ Ի՞նչ ասել է՝ ժամանակավոր, առանց նշելու ժամկետը։ Դա որքա՞ն է՝ երկո՞ւ, երե՞ք, հի՞նգ, թե՞ հիսունհինգ տարի։
Եվ, ամենակարեւորը. երբ առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող պուրակը կրպակապատելու քայլեր են արվում, ցանկացած նորմալ մարդ կսկսի կասկածել ու չհավատել կանաչապատման ծրագրերի մասին բարձրագոչ հայտարարություններին։ Ի վերջո, կարծես նկարներով ու թղթերի վրա հանրությանը Գլխավոր պողոտա-պուրակի բոլորովին այլ՝ կանաչապատ, այլ ոչ թե կրպակաթաղված հեռանկարային տեսարաններ էին ներկայացվում։ Այսպե՞ս է լինում կանաչապատումը։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829