Լրահոս
Օրվա լրահոսը

Անմեղսունակ ցինիզմ

Փետրվար 17,2012 11:08

Երեկ, Հայաստանի վարչապետը և քաղաքապետը, որոնք ներկայացնում են Հանրապետական կուսակցությունը, հիշել էին Վարդանանց սրբոց նահատակներին և Երևանում քայլերթ էին անում երիտասարդ հանրապետականների հետ միասին: Թե ինչ ասել է երիտասարդ հանրապետական, կարծում եմ` առանձնակի ստուգաբանության կարիք չունի: Առանձնակի ստուգաբանության կարիք չունի նաև, թե ինչ ասել է ՀՀԿ-ական վարչապետ կամ քաղաքապետ:

Նայեք տնտեսության վիճակին, նայեք Երևանի վիճակին, և պարզ կլինի, թե ինչ ասել է ՀՀԿ-ական վարչապետ կամ քաղաքապետ: Դա նշանակում է անգործություն, պաշտոնական պարտականությունների թերակատարում, և այդ ամենի փոխարեն ինչ-որ եկեղեցական տոնակատարությունների ֆետիշացում:

ՀՀԿ-ական վարչապետի և քաղաքապետի համար կարևորը նահատակներն են, որովհետև նրանք չեն պահանջում սոցիալական արդարություն և հավասարություն, նրանք չեն պահանջում հարկային և մաքսային բարեփոխումներ, չեն պահանջում աշխատատեղ, չեն պահանջում ազատ մրցակցություն, օրենք և իրավունք, չեն պահանջում մաքրել Երևանի ձյունը, կոտրել սառույցը, կարգավորել քաղաքային տրանսպորտը, պահպանել քաղաքի կանաչ տարածքները: Նրանք ոչինչ չեն պահանջում, դրա համար էլ ՀՀԿ-ականները նահատակներին են հիշում, նրանցով են ապրում, նրանց համար քայլում, նրանց համար ոգևորվում: Ինչու մտածել ողջերի մասին, եթե դրանից գլուխը ցավելու է: Ավելի լավ է ապրել նահատակներով, թող դրանից ողջերի գլուխը ցավի:

Դժվար է որևէ մի նորմալ երկրում, քաղաքացիների համար աշխատող որևէ մի կառավարության դեպքում պատկերացնել նման մի բան, երբ հսկայական անելիքներ կան տնտեսական քաղաքականության, սոցիալական արդարության, աշխատատեղերի բնագավառում, երբ հսկայական խնդիրներ կան լուծելու մեկուկես միլիոնանոց Երևանում քաղաքացիների համար քիչ թե շատ հարմարավետ կեցավայր և միջավայր ապահովելու հարցում, իսկ այդ ամենի պատասխանատուները եկեղեցական տոնախմբությունների շարքերն են գլխավորում, կարծես իրենք ոչ թե Հայաստանի հարկատուների գումարների հաշվին ապրող պետական ծառայողներ են, այլ հոգևոր սպասավորներ, որոնց գործը ազգի կղերական դաստիարակությունն է:

Փառք և պատիվ Սուրբ Վարդանանց, փառք և պատիվ հայրենիքի նահատակներին, հավատի նահատակներին, բայց երբ այդ ամենը դառնում է պարզապես մարդկանց ուղեղները լվանալու միջոց, երբ այդ ամենը ծառայում է ընդամենը մի քանի անձի համար էժանագին քարոզչական շոու, այստեղ արդեն ակնհայտորեն գործ ունենք անմեղսունակ ցինիզմի հետ, որ դրսևորում է Հայաստանի հանրապետության իշխող կուսակցությունը` վկայելով, որ այսպես ասած` լավագույն ընտրությունների մասին արտահայտությունները ամենայն հավանականությամբ, կամ ավելի ճիշտ հաստատապես, այդ ցինիզմի շարքից են, որովհետև քաղաքացու կամքից կախված որևէ ուժ չի թողնի այդ նույն քաղաքացու խնդիրներն ու ինքն իրենից գոհ գնա ինչ-որ թափորներ գլխավորելու:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829