Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր եք քշում երկիրը

Փետրվար 17,2012 10:30

Երեկ Վարդանանց սրբերի եկեղեցական տոնի կապակցությամբ Երևանի փողոցներով շքերթ անցավ։ Շքերթը, բացի եկեղեցու հայրերից, գլխավորում էին նաև երկրի վարչապետը, Երևանի քաղաքապետը և երիտհանրապետականների ղեկավարը,  շքերթում էին նաեւ բուհական ուսանողներ, որոնց նախապես հավաքել էին Թումանյան փողոցում։

Ինչ խոսք, գովելի է, որ մեր բազմազբաղ ղեկավարները ժամանակ էին գտել մասնակցելու այս արարողությանը, սակայն բազմաթիվ անցորդների, ինչպես նաև մեզ, անհայտ մնաց, թե ինչ կապ ուներ Ավարայրի սրբացված հերոսներին ոգեկոչող Հայ Առաքելական եկեղեցու այս տոնը Հանրապետական կուսակցության հետ, և որքանո՞վ էր ՀՀԿ դրոշների ծածանումը տեղին այս ազգային-կրոնական տոնի առիթով։ Թե՞ արդեն չի բավարարում պետծառայողների,  ուսուցիչների համատարած ՀՀԿ-ացումը, հիմա էլ հասել ենք  5-րդ դարի սրբերի կուսակցականացմանը։

Այսպես շարունակելու դեպքում, շուտով կգա այն օրը, որ Սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում, եռագույնի փոխարեն համատարած կծածանվեն ՀՀԿ դրոշները` տանկերի գլխին, հրթիռների պոչին, մուզկամանդի դիրիժորի ձեռքին… ինքնաթիռներն էլ օդում միայն սպիտակ ծուխ բաց թողնեին:

Եվ ավելի տխուր էր շքերթի մասնակիցների կազմը։ Ազգային զարթոնքի տարիներին, հայ ուսանողության ըմբոստության, փոփոխությունների համառ պահանջի, պայքարի ոգու շնորհիվ մեր ազգային արժեքները վերականգնվում էին, ազգային տոները հատիկ-հատիկ վերադառնում էին:

Ի՞նչ պատահեց մեզ: Մեկեն ի՞նչ պատահեց մեր երիտասարդությանը, ուսանողությանը, ինչո՞ւ նա դարձավ այսպես քշվող, ինչո՞ւ վերածվեց իշխանական PR գործիքի: Ինչո՞ւ պիտի նրան Վարդանանց տոնին ՀՀԿ դրոշներով հանեն փողոց, վարչապետին էլ կանգնեցնեն առաջին շարքում, թե` քայլերթ արեք:

Ինչո՞վ է ՀՀԿ դրոշի տակ քշված Վարդանանց տոնի քայլերթին քշվող հայ ուսանողը տարբերվում նույն դրոշի ներքո ընտրության քշվող հայ ընտրողից: Չէ՞ որ այս դեպքում հոգեբանությունը նույնն է, քշվողի հոգեբանությունը: Դժվա՞ր է հասկանալ, որ մատաղ սերնդին չի կարելի փչացնել, դժվա՞ր է հասկանալ, որ այսպես շարունակելու դեպքում մենք վաղը չենք ունենալու ո՛չ գիտնական, ո՛չ գրող, ո՛չ քաղաքական գործիչ, ո՛չ էլ երկիրն ու պետականությունը պաշտպանելու ունակ քաղաքացի:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829