Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ։ Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսում է ստորագրահավաք։
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։ Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։
Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու և պահպանելու համար։ «Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն և հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը և կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները»,- ասված է ուղերձում։
Կարդացեք նաև
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության մամուլի հաղորդագրություն