Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանում հանդիպումները «գալոչկայի» համար էին

Փետրվար 16,2012 21:30

«Առավոտը» երեկ հրապարակեց Երեւանի քաղաքապետարանի հաղորդագրությունը` քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի, «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամների հանդիպման մասին:

Այսօր այդ հանդիպման մասին իրենց տպավորությունը հրապարկեցին նաեւ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները:

«Առավոտը» դիմեց նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանին հարցով, թե ի՞նչ տպավորություն է նաս ստացել քաղաքապետի եւ գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումներից: Տիկին Բախշյանը պատմեց.«Երեքշաբթի հանդիպեցինք քաղաքապետի հետ, իսկ չորեքշաբթի` գլխավոր ճարտարապետի: Խոսվեց Մաշտոց-Կողբացի հատվածում անօրինական շինությունների մասին: Հարցադրում եղավ` ո՞ւր է նախնական որոշումը, ինչի՞ հիման վրա եք սկսել այդ շինարարությունը, ո՞վ է կառուցում, ո՞վ է ֆինանսավորում եւ այլն: Մեզ ոչ մի փաստաթուղթ ցույց չտվեցին: Ասացին, որ քաղաքապետարանն է այդ շինարարության տերը: «Մետելիցա» սրճարանի աջ կողմի ապակեպատ  կրպակները քաղաքապետարանն է կառուցել, բայց ձախ կողմինը, կարծում եմ, որ քաղաքապետարանը չի արել: Ինչ-որ մարդիկ պղտոր ջրում ձուկ են որսացել: Կոնկրետ «Մետելիցայի» կողքի այդ ավելացրած հատվածի մասին ե’ւ քաղաքապետը, ե’ւ գլխավոր ճարտարապետն ասացին, որ ապօրինի է: «Ֆեյսբուքում» երեկ տարածված բանտարկված ծառի լուսանկարում առկա շինարարության մասին ասացին, որ պետք է ապամոնտաժվի»:

Մեր հարցին, թե` ի վերջո, ի՞նչ կապ ուներ այդ ամենը «Հին Երեւան» նախագծի հետ, տիկին Բախշյանը պատասխանեց.«Մեզ երկար-բարակ բացատրեցին, թե այդ տարածքը որքանով է կապված «Հին Երեւանի», Գլխավոր պողոտայի հետ:  Բայց այն, ինչ ցույց տվեցին` նկարներ էին ընդամենը, եւ անձամբ իմ կարծիքով` սա ոչ մի կապ չունի «Հին Երեւանի» նախագծի հետ` ոչ իր բովանդակությամբ, ոչ իր ձեւով, ոչ իր տրամաբանությամբ, հետեւաբար պետք չէ կրպակներ տեղադրելու  ապօրինի որոշումը կապել այդ նախագծի հետ: Մեկը մյուսի հետ կապ չունի: Իրենք ուզում էին համոզել, որ այդ կրպակները դրվում են ժամանակավորապես, հենց որ «Հին Երեւանի» նախագիծը սկսի գործել, կառուցվել, ապա դրանք բոլորը պետք է ապամոնտաժվեն: Երբ Նարեկ Սարգսյանին ուղղվեց հարց` ի՞նչ օրինական փաստաթղթեր, հիմքեր կան, որ որոշում եք կայացրել այդ կրպակները հիմնելու համար, ինչո՞ւ շինարարության մոտ չկա ցուցանակ կառուցապատման մասին, եթե այն ըստ օրենքի է կառուցվում: Նա ասաց, քանի որ սրանք ընդամենը տաղավարներ են, հետեւաբար օրենքի պահանջը  սրանց չի վերաբերվում: Բայց մենք պնդեցինք, որ դրանք տաղավար չեն, պեմզաբլոկից, աղյուսով սարքած, երկաթյա սյուներով շինություններ են, տաղավար չեն, կռունկավարը չի կարող վերցնել դա ու մի կողմ դնել, ինքը իբրեւ թե զարմացավ` ո՞նց թե պեմզաբլոկով, ոչ մի պեմզաբլոկ պետք է չլինի… Հետո ասաց` կհետաքրքրվենք, կգնանք, կնայենք…»:

«Եվ ի՞նչ, որեւէ բան փոխվե՞ց այդ հանդիպման արդյունքում»` մեր այս հարցին պատգամավորի պատասխանը հուսադրող չէր.«Այսօր առավոտյան կառավարության նիստից առաջ քաղաքապետի հետ հանդիպեցի, հարցրեցի` եւ ի՞նչ, ի՞նչ պիտի լինի, ասաց` սկսում ենք: Ասացի` ի՞նչը, թե` շինարարությունը: Ասացի` ո՞նց, հիմա պետք է կառուցվի՞, ասաց` այո»: Ի՞նչ է ստացվում` այդ հանդիպումները ձեւակա՞ն էին, «գալոչկայի» համա՞ր էին` մեր այս հարցին էլ տիկին Բախշյանը պատասխանեց.«Այո, հենց այդպես էլ կա: Հանդիպեցին, ցույց տվեցին, իբրեւ թե լսում են հասարակությանը, հասարակական կարծիքն իրենց համար իբրեւ թե կարեւոր է, բայց փաստորեն իզուր էր, ոչ մի հետեւություն չարվեց, անգամ «Մետելիցայի» կողքի  շինությունը, որը խոստացել էին ապամոնտաժել` ոչինչ չարվեց, ծառը շարունակում է բանտարկված մնալ»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829