Aravot.am-ը ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանին խնդրել էր հայտնել, թե որ երկրների բուհերի կեղծ դիպլոմներ է հայտնաբերել Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը: Հիշեցնենք, որ այսօր ԿԳՆ-ում կայացած նիստում, հայտարարվել էր, թե հաշվետու տարում ԱՓՇԱՏԿ-ի կողմից հայտնաբերվել են օտարերկրյա բուհերի 30 կեղծ դիպլոմներ:
Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կեղծ վկայականները հիմնականում ռուսաստանյան եւ ուկրաինական «ծագում» ունեն, սակայն չմանրամասնեց, թե հատկապես որ բուհերի կողմից են տրված:
ԿԳՆ վարչության պետի խոսքով, երբ քաղաքացին աշխատանքի ընդունվելու կամ այլ նպատակով որեւէ կազմակերպության ներկայացնում է իր դիպլոմը, տվյալ կազմակերպությունը դիմում է ՀՀ Ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոն, եւ համապատասխան փորձաքննությունից հետո հաստատվում է վկայականի իրական կամ կեղծ լինելը: Նույնն էլ փորձաքննություն իրականացնող մարմինը կատարում է այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացին արտերկրում աշխատանքի կամ ուսման համար դիմելիս՝ Հայաստանից տարված դիպլոմ է ներկայացնում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև