35-40 տարեկանից հետո ծննդաբերող կանանց երեխաների մոտ ավելի շատ են հանդիպում ուռուցքներ: Սա միջազգային ուսումնասիրության տվյալներ են, որոնք այսօր «Հենարան» ակումբում ներկայացրեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության եւ քիմիաթերապիայի բաժնի պետ Գրիգոր Բադալյանը: Նրա խոսքերով՝ «Մենք չենք կարող բացատրել, թե դա ինչու է այդպես, բայց վիճակագրությունն այդպես է ցույց տալիս»:
Պարոն Բադալյանի ներկայացմամբ՝ բացատրություն չկա նաեւ, թե ինչու են փոքրիկները հիվանդանում քաղցկեղով, սակայն առհասարակ ինչպես քաղցկեղից, այնպես էլ բոլոր հիվանդություններից խուսափելու կարեւորագույն գործոնն է առողջ ապրելակերպը: Ընդ որում, ոչ միայն հղիության շրջանում, այլեւ երիտասարդ կինը, որը պետք է հետագայում մայր դառնա, կյանքի ամբողջ ընթացքում չպիտի ծխի, չպիտի ալկոհոլ օգտագործի, եւ ճիշտ սնվի. «Ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդանում է 175 հազար երեխա, որից 90 հազարը մահանում է: Զարգացած երկրներում երեխաների 80%-ը լիովին բուժվում են չարորակ ուռուցքներից, իսկ թերզարգացած երկրներում 80%-ը մահանում են»: Իսկ Հայաստանում, բժշկի վստահեցմամբ՝ քաղցկեղով հիվանդ երեխաներն այնքան էլ շատ չեն, եղածների 60-70 %-ը բուժվում են:
Պարոն Բադալյանի խոսքերով՝ «Վերջին տարիներին մեր երկրում մանկական ուռուցքաբանության մեջ քիչ են ներդրվում նոր տեխնոլոգիաներ, պակաս ունենք ժամանակակից սարքավորումների: Մանկական ուռուցքաբանությունը թանկարժեք ոլորտներից է»: Եվ հենց ժամանակակից տեխնոլոգիաների պատճառով բուժվելու նպատակով արտասահման մեկնողների թիվն ավելացել է. «Դրսում 100-150 եվրո է բուժումը, Հայաստանում բուժում ենք պետպատվերով, բայց եթե դեղը պետականորեն կամ հովանավորի կողմից հումանիտար կերպով չի մտել մեր կենտրոն, պարզ է, որ ծնողն իր հաշվին շուկայից պիտի ձեռք բերի»:
Ըստ Գրիգոր Բադալյանի, մեր երկրում ոլորտը զարգացնելու եւ էլ ավելի արդյունավետ բուժում կազմակերպելու համար նոր կենտրոն բացելու ծրագիրը «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կողմից հավանության է արժանացել եւ մոտ ապագայում կսկսվի կենտրոնի կառուցումը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ