Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, այսօր սկսվեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի, նույն վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննիչ Վահան Խանզադյանի եւ ոստիկանության Արաբկիր բաժանմունքի օպերատիվ պետի տեղակալ Արմեն Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Մեղադրանքը կպաշտպանի Հարություն Հարությունյանը:
Հովհաննես Թամամյանը դահլիճ մտավ ակնհայտ բարձր տրամադրությամբ: Նա աջ ձեռքի բութը բարձր պահեց այն ժամանակ, երբ բազմաթիվ տեսախցիկներն ուղղվեցին իր ուղղությամբ: Նրա պաշտպանությունը կիրականացնեն երկու փաստաբանները՝ Վաղինակ Գեւորգյանն ու Արտավազդ Փարսադանյանը:
Արմեն Պողոսյանի պաշտպանն էր Արայիկ Ալվանդյանը, իսկ հանրային պաշտպանի գրասենյակից օգտվել էր միայն Վահան Խանզադյանը, որի պաշտպանությունը ստանձնել էր հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Վերջինս մի միջնորդություն արեց, խնդրելով իրեն տրամադրել ողջամիտ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու եւ իր պաշտպանյալի հետ մեկուսարանում տեսակցելու համար: Այդ միջնորդությունը դատարանը բավարարեց, քանի որ գործը 22 հատորից է բաղկացած:
Կարդացեք նաև
Իսկ Վաղինակ Գեւորգյանը դատարանից հարցրեց, թե կարո՞ղ է պարգեւատրումների մասին տեղեկացնել, եւ երբ ստացավ դրական պատասխան, ներկայացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. սեպտեմբերի 17-ի հրամանագրով «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալի մասին, եւ «Նանսենի» հիմնադրամի կողմից Հովհաննես Թամամյանին ոսկյա հուշամեդալով պարգեւատրվելու վկայագրերը:
Դատական նիստը նշանակվեց մարտի 6-ին:
Երբ Aravot.am-ը հարցրեց (իհարկե բղավելով), թե մինչ մարտի նշանակված նիստը կարո՞ղ է ինչ- որ հայտարարություն անել, Հովհաննես Թամամյանն առանց շրջվելու պատասխանեց. «Մինչեւ վերջ էլ ոչինչ չեմ ասելու»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի» եւ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ