Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, Հայաստանի Թատերական գործիչների միության քարտուղար Սոնա Մելոյանը եւ Ազգային թատերական-ստեղծագործական ասոցիացիայի նախագահ, Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման եւ թվայնացման բաժնի վարիչ Արա Խզմալյանը ներկայացրին, թե ինչ փառատոներ և մշակութային միջոցառումներ են սպասում հայ հանդիսատեսին 2012թ.-ին:
Այսպես, փետրվարի 29-ից մարտի 4-ը տեղի կունենա «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնը: Ինչպես տեղեկացրեց Սոնա Մելոյանը՝ նշվում է փառատոնի տասնամյակը. «Մասնակիցներ կլինեն Լեհաստանից, Լիտվայից: Կբեմադրվի մոտ 27 ներկայացում»: Մարտի 27-ին՝ միջազգային թատրոնի օրն էլ կկայանա երիտասարդ ռեժիսորների եւ դերակատարների «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Արա Խզմալյանի տեղեկացմամբ՝ փետրվարի 12-ից մեկնարկող «Թատրոն X» փառատոնին կմասնակցեն 30 թատերական խմբեր, այդ թվում՝ մարզերից եւ ԼՂՀ-ից:
Ս. Մելոյանն ահազանգեց, որ աշնանն անցկացվելիք Շեքսպիրյան փառատոնը վտանգի տակ է, քանի որ դեռեւս չկա բավարար ֆինանսավորում. «50.000 դոլարը թանկ հաճույք է, բայց այդ փառատոնը միակն է եղել, որի ներկայացումները դիտել է ոչ թե 200 ինտելեգենտ մարդ, այլ լայն հասարակայնությունը»: Ա. Խզմալյանը նշեց, որ պատճառը մշակութային ֆինանսավորման կուլտուրայի բացակայությունն է, չնայած ինքը դժգոհելու առիթ չունի, քանի որ իրենց ներկայացումների մեծ մասը ֆինանսավորել է Մշակույթի նախարարությունը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով մարզերի մշակութային խնդիրներին՝ Արա Խզմալյանը փաստեց, որ մշակույթը հիմնականում կենտրոնացված է Երեւանում. «Մեր ասոցիացիան մշակում է հատուկ համագործակցության ծրագիր՝ Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, որի նպատակն է բարձրացնել մշակութային ակտիվությունը ոչ թե մեկ ներկայացումով, այլ ընդլայնել բանավոր շփումը մշակութային գործիչների միջեւ»: Բանախոսի տվյալներով՝ մարզային թատրոնների հիմնական խնդիրները կապված են տեխնիկական հագեցվածության, ջեռուցման հետ:
Ի հավաստումն մարզային թատրոնների անմխիթար վիճակի՝ Ս. Մելոյանը տեղեկացրեց, որ չնայած թատրոնի հանդեպ մարդկանց հետաքրքրությանը՝ Գավառի թատրոնը դարձել է ախոռ. «Առաջին շարքում վառարան են դրել, իսկ բեմը կոտրված է, եւ ստիպված ես լինել ակրոբատ-դերասան»:
Խոսելով թատրոններից դեպի սերիալներ դերասանների արտահոսքից՝ Ս. Մելոյանը նշեց, որ հիմա դժվար է նույնիսկ թատերական փորձ նշանակել, քանի որ դերասաններն իրենց հիմնական ժամանակը տրամադրում են սերիալային նկարահանումներին. «Եվ դա հասկանալի է, որովհետեւ թատրոնում լավագույն դեպքում ստանում են 42.000 դրամ աշխատավարձ»: Պարոն Խզմալյանն էլ հավելեց, որ սերիալներ դիտելուց հարց է առաջանում՝ «Տեսնես այս երկրում բոլո՞րն են դեբիլ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ