Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել և բացահայտել են խոշոր չափի ապօրինի անտառահատման դեպքեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) Կապանի անտառտնտեսության «Սյունիքի անտառապետություն» մասնաճյուղի թիվ 5 պահատնից 48-ամյա Արթուր Փարամուզյանի կողմից 206 հատ տարբեր տեսակի ապօրինի ծառեր են հատվել, ինչի առթիվ Ա. Փարամուզյանը փետրվարի 2-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։
Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նշված մասնաճյուղի անտառկուլտուրաների ինժեներ 34-ամյա Մարատ Հարությունյանը, պաշտոնական դիրքն օգտագործելով, ծառայության շահերին հակառակ, չկատարելով աշնանային պարտադիր ստուգումներ թիվ 5 պահաբաժնում, իմանալով, որ կատարվում են ապօրինի ծառահատումներ, ոչինչ չի ձեռնարկել՝ կանխելու այն։
Պարզվել է նաև, որ նշված մասնաճյուղի անտառապետ 53-ամյա Էմիլ Բաբայանը, նույնպես պաշտոնական դիրքը օգտագործելով, կատարել է նմանատիպ արարք, իսկ նույն մասնաճյուղի տնօրեն 48-ամյա Վոլոդյա Միրզոյանը կատարել է պաշտոնական կեղծիք։
Կարդացեք նաև
Ի պաշտոնե ձեռնարկատիրական իրավունք չունեցող՝ նախկին անտառապահ Ա. Փարամուզյանը 2011–ի հունիսին 5-րդ պահատնից տրամադրել է Հովսեփ Օհանջանյանի կողմից ձևակերպված անտառահատման տոմսով հատկացված հատատեղը։ Նշված հատվածում Փարամուզյանը կատարել է ապօրինի ծառահատում և հատված ծառերը վաճառել։
Պարզվել է նաև, որ Ա. Փարամուզյանը 2011-ի սեպտեմբեր–դեկտեմբերին թիվ 5 պահատնից հատել է տարբեր տեսակի ծառեր, վաճառել այն և գումարը յուրացրել։ Կատարված ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է 5-ից 7 մլն դրամի վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և առաջիկայում հարուցվելու է քրեական գործ։