Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տասնամյակներին, գլոբալ տաքացման հետեւանքով, Հայաստանի օդի ջերմաստիճանը բարձրացել է 0.85 %-ով

Փետրվար 16,2012 16:01

Այս տարվա առատ ձյունն ու ցուրտ ձմեռը անոմալ երեւույթ չէ: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողներին եւ մեր բնակչությանը հանգստացրեց ԱԻՆ «Հայհիդրոմետ» կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա ներկայացմամբ՝ սկսած 1964 թվականից՝ ամեն փետրվար ամսին առատ ձյուն է եղել: Ըստ Զարուհի Պետրոսյանի, այսօրվա ձյունը երեկոյան կդադարի, իսկ ամսի 18-20-ին ամբողջ հանրապետությունում կրկին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում ամսի 19-ին ցերեկը տեղումները կդադարեն: «Հայհիդրոմետ» կենտրոնի ղեկավարի վստահեցմամբ՝ վաղը մի փոքր ցուրտ կլինի, իսկ հաջորդ օրը՝ մի փոքր կտաքանա: Մոտ 10 օր էլ պետք է համբերել ու փետրվարի 25-ից հետո ջերմաստիճանի բարձրացում կլինի՝ գարունը կգա: Սակայն, ինչպես ներկայացրեց տիկին Պետրոսյանը, եթե երեւանցիների համար ամսի 25-ին արդեն գարնան շունչ կզգացվի, ապա Շիրակի մարզում դեռեւս խորը ձմեռ կլինի:

Այս տարի ծառերը մի փոքր ուշ կծաղկեն, եւ Զարուհի Պետրոսյանի մեկնաբանմամբ, երբ ցրտեր գրանցվեն, բնությունը դեռ քնած կլինի, ինչն էլ երաշխիք է, որ ցրտահարություն չի գրանցվի: Իսկ առատ ձյունը, տիկին Պետրոսյանի փոխանցմամբ՝ գարնան գալու մասին է խոսում: Խոսելով ամբողջ աշխարհում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին՝ տիկին Պետրոսյանն ասաց. «Ընդհանուր առմամբ՝ վախենալու բան չկա, իսկ բնությունն ինքն իրեն փոխհատուցում է, եթե մարդը չմիջամտի: Ցանկացած բալանսի խախտումը ցանկացած միջավայրում, բերում է ոչ դրական երեւույթների: Ամբողջ խնդիրն էլ այն է, որ մարդը չմիջամտի բնական երեւույթներին այնքանով, որ բերի նրա բնականոն ընթացքի խախտման»:

Ասուլիսին ներկա Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանի ներկայացմամբ՝ 1961-1990 թվականների ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը 0.85%-ով բարձրացել է, շոգ ամառներ են լինում եւ քիչ տեղումներ. «Բոլոր կլիմայական երեւույթները՝ կարկուտ, ուժեղ քամիներ, երաշտ, տեղումներ եւ այլն, մոտ 1.2 անգամ ավելացել են, որոնք մեր երկրի տնտեսության վրա ունենում են բացասական ազդեցություն»:

Aravot.am-ի հարցին՝ այսօր Հայաստանում մեծ թափով աշխատում է հանքարդյունաբերությունը, որն անտառների հատման եւ գետերի հուների փոփոխման հաշվին է կատարվում, արդյոք մենք է՛լ ավելի չե՞նք նպաստում կլիմայի փոփոխության բացասական ավելի արագ ազդմանը մեր էկոհամակարգին, Դիանա Հարությունյանը պատասխանեց. «Կլիմայի փոփոխության համար շատ մեծ նշանակություն ունի անտառների պահպանումը: Դա միանշանակ բացասական ազդեցություն ունի: Պարզ է, որ տնտեսությունը պիտի զարգանա: Հանքարդյունաբերությունն էլ պիտի զարգանա, բայց արվում է բաց եղանակով, որն ավելի էժան է: Պետք է հարկային լծակներ օգտագործվեն, թափոնների նվազեցման»:

Տիկին Հարությունյանի խոսքերով՝ պետք է նոր տեխնոլոգիաներ կիրառվեն եւ այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազեցնեն այսօրվա ագրեսիվ հանքարդյունաբերությունը, որն ազդում է ոչ միայն անտառների,այլեւ բուսածածկույթի, ջրի որակի վրա, որն էլ իր հերթին ազդում է գյուղատնտեսության վրա եւ մարդու առողջության. «Պարզ է, որ բնությունն իր նկատմամբ կատարված ոտնձգություններն անպատիժ չի թողնում: Այսօրվա կլիմայի փոփոխությունն էլ դրա արդյունքն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829