ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցությանը և Ռոբերտ Քոչարյանի ՝ քաղաքականություն վերադարձին, նշեց. «Շնորհավորում եմ պարոն Օսկանյանին, որ անդամակցեց իրեն ոչ միայն ամենահոգեհարազատ, այլև հարազատ կուսակցութանը: Ինչ վերաբերում է պարոն Օսկանյանի՝ ԲՀԿ–ին անդամակցությամբ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձը նախապատրաստելուն, ապա կարծում եմ, դա ժամանակը ցույց կտա»:
Հարցին, թե ԲՀԿ-ի վերջին անակնկալներից հետո՝ ՀՀԿ-ն շարունակո՞ւմ է վստահել իր կոալիցիոն գործընկերոջը, պատգամավորը պատասխանեց. «Մենք առաջին հերթին մեր վրա ենք վստահ: Ինչ վերաբերում է նրան, որ կոալիցիայի անդամ այս կամ այն կուսակցությունն ինքնուրույն տեսակետ է դրսևորում որոշակի հարցերի շուրջ, ապա պիտի նախևառաջ մի պարզ բան հիշենք, որ առանձին կուսակցություն է և կարող է կատարել նաև քայլեր, որոնք ամենևին էլ պարտադիր չէ կոալիցիոն կուսակցությունների հետ համաձայնեցնելը: Կոալիցիան ամուսնական հավատարմության առագաստ և երդում չէ: Կոալիցիոն կուսակցությունները նաև մեկը մյուսին մրցակից են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ