Այսօր ժամը 9.30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահությամբ՝ Մխիթար Պապոյան) սկսվեց նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ քրեական գործի դատաքննությունը: Բացի «Առավոտից»՝ դատարանի դահլիճում որեւէ լրատվամիջոց կամ կազմակերպություն ներկա չէր:
Մեղադրողը՝ Կենտրոն վարչական տարածքի դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ըստ որի՝ Վ. Գասպարին մեղադրվում է անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ խուլիգանություն կատարելու, այն է՝ հասարակական կարգը 15 րոպե խանգարելու, «ներկաների հանգիստը» խանգարելու համար:
Գասպարին ներկայացել էր դատարան իր պաշտպանի՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռեւազյանի հետ, իսկ նրա երկրորդ պաշտպանը՝ Մուշեղ Շուշանյանը հիվանդության պատճառով բացակայում էր դատական անդրանիկ նիստից:
Կարդացեք նաև
Այսօր հարցաքննության էր կանչվել ոստիկանության Կենտրոնի բաժնի առաջին գումարտակի պարեկապարետային ծառայության սերժանտ Գրիգոր Մանուկյանը: Նրա ցուցմունքների 70%-ը «չեմ հիշում» բառակապակցությունն էր: Այս անձը Գասպարիին բերման ենթարկողներից էր, եւ երբ Գասպարին նրան հարցրեց. «Քրեադատավարական ի՞նչ կարգավիճակով եք ինձ հրավիրել բաժին», ոստիկանը պատասխանեց՝ նորմալ: Նրան չսթափեցրեց անգամ դատավորի հեգնալից հարցադրումը՝ այդպիսի կարգավիճակ կա՞: Ոստիկանը պատասխանեց՝ այո:
Գասպարիի այն հարցին՝ ինչո՞ւ ինձ ենթարկեցիք բերման, նա պատասխանեց՝ չէիք ենթարկվում: Իսկ երբ Գասպարին փորձեց հարցնել, թե չենթարկվելու դեպքում ո՞ր իրավական հիմքով են տանում բաժին, ոստիկանության աշխատողը կրկին ապշեցրեց իր պատասխանով, ասելով՝ «Չենթարկվելու կարգավիճակով»:
Ոստիկանն ասաց, որ լսել է հայհոյանքներ, սակայն, թե ինչ է հայհոյանքը, պատասխանեց՝ «Հայհոյանքը քֆուր է»: Սակայն, թե ինչ բառեր էր օգտագործում՝ նա դարձյալ ի վիճակի չէր պատասխանել:
Ամբաստանյալ Գասպարին հարցրեց. «Ասում էի՝ Սարգսյան, խուլիգան, հանցագործ, ինչպե՞ս էիք դուք կանխելու, ի՞նչ հիմքով, ինչի՞ հիման վրա էիք սահմանափակել իմ արտահայտվելու իրավունքը»: Վկան պատասխանեց՝ «Այն հիմքով, որ պաշտոնյաներին չի կարելի հայհոյել»:
Նա ասաց, որ երբ ուզել է բերման ենթարկել, Գասպարին պառկել է գետնին, ինքը եւ Արթուր Բաղդասարյանը նստեցրել են ոստիկանության արդեն վաղօրոք կանչված մեքենան:
Հարցին, թե Գասպարին խոչընդոտե՞լ է, որեւէ մեկին հարվածե՞լ է, վկան պատասխանեց, որ որեւէ մեկին, որեւէ անձի չի հարվածել եւ եթե այլ անձի հարվածեր՝ ինքը կնկատեր:
Ի դեպ, տեսնելով էական հակասություններ նախաքննության ժամանակ եւ դատաքննության ժամանակ տված ցուցմունքների մեջ, դատարանը հրապարակեց ոստիկանի նախաքննական ցուցմունքները: Ըստ նախաքննության ցուցմունքի, որը վկան տվել էր ժամը 21.40-ին (իսկ դատարանում հայտնեց, որ ժամը 5-ից հետո գնացել է ոստիկանություն, 15 րոպեում զեկուցագիր է գրել ու գնացել տուն), ասել էր, որ հերթապահել էր Հանրապետության հրապարակի թիվ 1 կառավարական շենքի մոտ, տեսել է բազմաթիվ մարդկանց պլակատներով, այնտեղ տեսել է նաեւ «բողոքի ակցիաների ակտիվ մասնակցին»՝ Վարդգես Գասպարիին, «նրա լկտի պահվածքը»: Նախաքննության ժամանակ այս վկան ասել էր, որ Գասպարին հայհոյում էր, նաեւ ասում էր, թե հաշվեհարդար կտեսնի մեզ հետ, կջարդի մեր գլուխները. «Նա մեզ դիմադրեց, արմունկով հարվածեց Արթուր Բաղդասարյանի գլխին»: Ոստիկանը նաեւ հայտնել էր, թե Գասպարին քաշքշել է իրեն, ինչից թեթեւ ֆիզիկական ցավ էր զգացել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Մինչ դատական նիստը սկսելը ՝Գասպարիի պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ: Նա դատարանին միջնորդեց որպես վկա դատակոչել այդ օրը հանրահավաքի մասնակիցներից 6 անձի, որոնք գտնվել են անմիջապես Գասպարիի կողքին: Խոսքը Լալա Ասլիկյանի, Լենա Նազարյանի, Սոնա Այվազյանի, Լեւոն Բաղդասարյանի, Արթուր Սաքունցի եւ Զարուհի Փոստանջյանի մասին է: Նախաքննության ժամանակ առաջին երեքը որպես վկա ներգրավված են եղել, սակայն դատակոչի ցուցակում չեն եղել, փոխարենը՝ դատակոչի ցուցակում ոստիկաններ են, ոստիկանության գործակալներ: