Հաճախ բարդույթները համեմատում են խավարասերների հետ (գլխում ապրող) , իսկ բարդույթավորված մարդուն էլ ասում՝ նրա գլխում խավարասերներն են ապրում: Մեզանից շատերին է հատուկ բարդույթներ ունենալը: Հաճախ ենք կրկնում, որ մենք՝ հայերս, շատ բարդույթավորված ազգ ենք: Հոգեբան Անուշ Նիկոլյանը մեկնաբանում է. «Կա կարծիք, որ մեր էթնոսին հատուկ է բարդույթավորվածությունը: Այս դեպքում դա պատմական հիմք ունեցող խնդիր է, որովհետև լինելով ավելի փոքր ազգ, պահպանման խնդիր ունեցող ազգ, մշակույթը չկորցնելու առումով, մյուս ազգերին ավելի լավ ներկայանալու առումով՝ մենք ձեռք ենք բերել տարբեր բարդույթներ: Բացի այդ՝ մենք շատ ամբիցիոզ ենք: Որպես էթնիակական առանձնահատկություն՝ մեզ պսիխոպատիան է հատուկ: Իսկ ամբիցիոզ, պսիխոպատ մարդկանց համար բարդույթավորվածությունը որպես հիմք է հանդիսանում»:
Ամենատարածված բարդույթը դա թերարժեքության բարդույթն է: Ինչպես ասում է հոգեբանը, բարդույթները ձևավորվում են հիմնականում ավելի փոքր տարիքում: Ընտանիքի բացասական կարծիքը, սոցիալական մշակույթում ձևավորված նորմերը, սոցիալական փոքր միջավայրի վատ վերաբերմունքը անձի հանդեպ դառնում է բարդույթների պատճառ: Տաթևիկը խոստովանում է, որ շատ բարդույթավորված է և մարդաշատ վայրերում փորձում է հնարավորինս քիչ հայտնվել. «Ինձ միշտ թվում է, որ գեր եմ, զգեստը ինձ չի սազում: Փորձում եմ ձերբազատվել այդ կոմպլեքսից, բայց չի ստացվում»: Իսկ Միլենան էլ հավատացնում է, որ ինքը ոչ մի բարդույթ չունի. «Չեմ հասկանում, որ մարդիկ կարող են բարդույթավորվել, որովհետև, ասենք, իրենց քիթը մեծ ա կամ դեմքը պզուկոտ ա: Թող էդ մարդիկ իրանց շուրջը նայեն ու տեսնեն, որ իրանցից մեծ քթով մարդիկ էլ կան»,- խորհուրդ է տալիս Միլենան, իսկ հոգեբան Անուշ Նիկոլյանը մասնագիտական իր խորհուրդն է տալիս. «Երբ որ մարդ կարողանա դառնալ ավելի ինքնավստահ, ինքնաբավ, ոտքերի վրա ամուր կանգնած, բարդույթները քիչ-քիչ կսկսեն նահանջել: Բարդույթներից ազատվելու լավագույն միջոցը ուշադրություն դարձնելն է ավելի կարևոր արժեքային համակարգեր ձևավորելուն, քան հիմնվել ոչ ճիշտ արժեքների վրա: Մտածենք, որ ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է, քան արտաքին տեսքն ու ընդունված նորմերը»:
Լիլիթ Սարգսյան