Այսօր պարզ դարձավ, որ Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է ճանաչելու լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով ամենաշատը քննարկված՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը և պատճառը ոչ թե խոսքի ազատության սահմանափակումն է, այլ՝ կեղծված քվեարկությունը: Պարզվել է, որ Ֆրանսիայի Սենատում օրինագծի քվեարկության ժամանակ որոշ պատգամավորներ քվեարկել են նաև իրենց կոլեգաների փոխարեն: Արդեն քննարկվում է օրենսդիր իշխանությունը յուրացնելու համար այդ պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու անհրաժեշտության հարցը:
Կարծում եմ, ընթերցողը կռահեց, որ Ֆրանսիայում նման բան չէր կարող տեղի ունենալ և նկարագրվածը հորինված իրավիճակ է, իսկ ով էլ չէր կռահել, այս տողերը կարդալուց հետո հանգիստ շունչ կքաշի:
Այժմ անդրադառնանք վերջերս ամենաշատը քննարկվող՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի և մի շարք այլ օրինագծերի քվեարկությանը ՀՀ ԱԺ-ում:
Տեսագրությունից երևում է, որ քվեարկությունների ժամանակ որոշ պատգամավորներ քվեարկում են նաև իրենց կոլեգաների փոխարեն:
Կարդացեք նաև
Նշված երևույթի քաղաքական և բարոյական գնահատականները մամուլով տրվում են: Փորձեմ տալ իրավական գնահատականը:
Սահմանադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, որն այն իրականացնում է ազատ ընտրությունների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով, իսկ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է (հոդ. 2): Օրենսդիր իշխանությունն իրականացնում է Ազգային ժողովը (հոդ. 62), որը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (հոդ. 63), և որի կողմից օրենքները ընդունվում են քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին (հոդ. 71): ԱԺ կանոնակարգի համաձայն էլ քվեարկությամբ չընդունված հարցը հանվում է շրջանառությունից (հոդ. 55):
Սա նշանակում է, որ օրենքը կամ դրա նախագիծը չի կարող ընդունվել, եթե քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավորից քիչ պատգամավոր, բացի այդ, մի պատգամավորը մյուսի փոխարեն քվեարկելու իրավունք չունի: Օրինակի համար, եթե անգամ օրենքին միաձայն կողմ քվեարկեն 65 պատգամավորից 65-ը, դա չի համարվի ԱԺ-ի կողմից ընդունված օրենք, քանի որ դրա համար առնվազն 66 պատգամավորի քվեարկություն է անհրաժեշտ: Իսկ եթե 65 պատգամավորներից մեկը քվեարկի նաև դահլիճում ներկա չգտնվող պատգամավորի փոխարեն և դա չնկատվի կամ դրա վրա աչք փակվի, ապա այս դեպքում կարձանագրվի 66 պատգամավորի քվեարկում և կհամարվի, որ Ազգային ժողովը օրենքի նախագիծը 1-ին, 2-րդ կամ 3-րդ ընթերցմամբ ընդունեց:
Նման դեպքում, սակայն, գործ ենք ունենում ուրիշի փոխարեն քվեարկելու միջոցով Ազգային ժողովի օրենսդիր իշխանության յուրացման հետ, քանի որ ԱԺ-ի կողմից իրականում չընդունված օրինագիծը ուրիշի փոխարեն քվեարկմամբ համարվում է ընդունված, իր հետևանքներով հանդերձ:
ՀՀ քրեական օրենսգրքի՝ պետական դավաճանությանը հաջորդող 300 հոդվածի (Իշխանությունը յուրացնելը) համաձայն՝ իշխանությունը զավթելը` Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Ազգային ժողովի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Ուրիշի փոխարեն քվեարկելը Սահմանադրությամբ նախատեսված չէ, հետևաբար կարելի է փաստել, որ նման քվեարկությամբ ԱԺ-ի կողմից չընդունված օրինագիծը ԱԺ-ի կողմից ընդունված դարձնելը կամ դրա փորձը համարվում է ԱԺ լիազորությունների տիրացում՝ իշխանության յուրացում:
Հ.Գ.
Խնդրում եմ այս հոդվածը չընկալել որպես մեղադրական եզրակացություն: Կարծում եմ, մեր պատգամավորները կարող են արդարանալ, քանի որ առաջիկա ընտրություններից առաջ զինված ուժերի մասնակցությամբ արտակարգ դրության հայտարարման մասին օրենքի ընդունումը ծայրահեղ անհրաժեշտություն է, իսկ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված արարքը հանցագործություն չէ (Քրօրի 44 հոդված):
Փաստաբան Կարեն Մեժլումյան