Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամասնական, թե համամասնական՝ սա չէ խնդիրը

Փետրվար 16,2012 13:58

Արտախորհրդարանական ընդդիմությունը եկել էր խորհրդարան եւ իշխող կոալիցիայի հետ մասնակցում էր ընտրական համակարգերին վերաբերող լսումներին:

Խորհրդարանական լսումները՝ «Համամասնական, թե մեծամասնական ընտրակարգ» թեմայով, երեկ ի վերջո կայացան: Հիշեցնենք, որ լսումների նախաձեռնողը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմություններն էին, եւ այդ նախաձեռնությանը միացել էր նաեւ ԲՀԿ-ն: Լսումների ընթացքում չեղան ցնցող բացահայտումներ, արմատական եւ արմատախիլ ելույթներ, ամեն ինչ ընթացավ հանդարտ եւ համաչափ, եւ բոլոր ելույթ ունեցողները՝ ընդդիմադիր, թե իշխանական, մնացին հավասարակշիռ վիճակում: Նախ՝ մեկ դիտարկում, որը քննարկումների հետ զուտ զգացական կապ ունի: Արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները խորհրդարանի միջանցքներում եւ դահլիճում իրենց որոշ չափով կաշկանդված էին զգում եւ առաջին բանը, որ անում էին, իրենց հետ եկած գործընկերների հետ ԱԺ նորացված դահլիճի տեսքն էին քննարկում:

ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ «իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հաղթահարել եւ ավազակապետությունից ազատվել հնարավոր է միայն օրինական ընտրությունների միջոցով»: Մեծամասնական ընտրակարգը «չարիք» որակելով՝ ՀԱԿ համակարգողն ասաց. «Իշխանությունները հովանավորում են տեղի հեղինակություններին, վարչական ռեսուրսով եւ ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունը դրա դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային եւ կրիմինալ ռեսուրսներ՝ ընտրողներին կաշառելու եւ ահաբեկելու նպատակով։ Մեծամասնական ընտրակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օրրանը»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե անգամ հիմա՝ ընտրություններից երկու ամիս առաջ, ուշ չէ փոփոխել «Ընտրական օրենսգիրքը»: Ասաց նաեւ, թե շատ մեծամասնականով ընտրված պատգամավորներ չեն լինում իրենց ընտրատարածքներում. «Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեծամասնականով ընտրված մարդը միշտ այնքան փող ունի, որ Երեւանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն կունենա, բայց մարդիկ կան, որ ընդհանրապես իրենց ընտրատարածքներում չեն երեւացել: Այդ տեղամասերում չգիտեն՝ իրենց պատգամավորն ով է, որովհետեւ ինքը ոչ միայն այնտեղի բնակիչ չէ, ինքն այնտեղ չի էլ երեւացել: Լավ է, որ այստեղ չեն մոտենում ամբիոնին, ծպտուն չեն հանում, լավ էլ անում են, պատկերացնում եք՝ խոսեին էլ, բայց այլ խնդիր կա, գոնե այդ փաստարկները մի՛ բերեք»:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մանրամասն բացատրեց, որ գոյություն չունի ընտրակարգի լավագույն մոդել, հետեւաբար, պետք է պարզապես ընտրել կոնկրետ երկրի համար ավելի կիրառելին: Պարոն Հարությունյանը ասաց նաեւ, թե քաղաքական մեծամասնությունը հավանություն չի տալիս խորհրդարանական ընդդիմության ներկայացրած նախագծին ոչ միայն այն պատճառով, որ ընտրություններից 2 ամիս առաջ խաղի կանոնները չեն փոխում, այլեւ, որ մերի պես երկրի համար այս պահին հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելը ճիշտ չի լինի: Նաեւ կետ առ կետ հակափաստարկներ ներկայացրեց ընդդիմության նախագծին: Մասնավորապես շեշտելով, որ հաճախ համամասնական ցուցակների առաջնային տեղերում գրված հայտնի մարդկանց անունները շոգեքարշի դեր են կատարում, եւ հետո այդ հայտնի անունները չեն էլ հայտնվում խորհրդարանում: Դավիթ Հարությունյանն ավելացրեց, որ անցումը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին կխթանի կուսակցական դիկտատուրան ու կջախջախի մեզանում կուսակցությունների կայացման գործընթացը:

«Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ թեպետ իշխանություններն ասում են, թե պատրաստվում են ազատ-արդար ընտրություններ անցկացնել, սակայն դրան ուղղված քայլերը չեն երեւում. «Այս պահին մենք տեսնում ենք, որ բարոյական ու քաղաքական կամք այս ուղղությամբ չի ցուցաբերվում։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ժամանակ երկու տարի շարունակ այլընտրանքային օրենսգիրք առաջարկեցինք, սակայն դրա վրա աչք փակեցին։ Աչք է փակվում նաեւ մեծամասնականի կեղծիքների վրա»:

ԲՀԿ ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կայացած ժողովրդավարական, ընտրական ավանդույթ ունեցող որեւէ երկրում երբեք չէր կարող նման հարց առաջանալ՝ համամասնական, թե մեծամասնական ընտրակարգ, որովհետեւ այդ կարգի երկրներում կա մեկ խնդիր՝ անցկացնել արդար ընտրություններ, իսկ թե ինչ համակարգով դա կանցկացվի՝ էական չի կարող լինել: Տիկին Զոհրաբյանը նշեց, որ իր նախընտրական ծրագրում դեռ 2007-ին ԲՀԿ-ն արձանագրել էր հարյուր տոկոսանոց համամասնականի անցումը, եւ պատասխանեց նաեւ այն շահարկումներին, թե ինչու ԲՀԿ-ն «Ընտրական օրենսգրքում» լրամշակումների ժամանակ չպաշտպանեց այդ տեսակետը. «Կոալիցիա նշանակում է կոնսենսուս, եւ ես չէ, որ ձեզ պիտի բացատրեմ, թե դա ինչ է նշանակում, եւ քանի որ այժմ հարցը լայն հնչեղություն է ստացել, բնականաբար, ԲՀԿ-ն միացավ լսումների կազմակերպման նախաձեռնությանը»: Պատգամավորը նաեւ շեշտեց, որ տարիներ շարունակ այս հարցը դառնում է բուռն քննարկումների առարկա. «Մոտ երկու տարի առաջ մենք համապատասխան օրենքում փոփոխություն արեցինք, որը հնարավորություն է տալիս անցկացնել խորհրդատվական հանրաքվեներ, եւ քանի որ կա հասարակության մեջ նման վեճ, ճիշտ կլինի քաղաքական ուժերի միջեւ գալ կոնսենսուսի եւ անցկացնել խորհրդատվական հանրաքվե»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը հայտարարեց, որ լսումներում հնչած բոլոր կարծիքները ցույց տվեցին մեկ բան. «Գրեթե բոլոր քաղաքական ուժերը համակարծիք են մեկ հարցում, որ քաղաքական համակարգի առողջացման հիմնական նախադրյալը իսկապես համամասնական ընտրակարգին անցումն էլ»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829