Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կաղինը, ռեհանն ու իշխանը կրքահարույց են

Փետրվար 16,2012 13:41

Իսկ ալկոհոլը քայքայում է տղամարդու լիբիդոյի հորմոնը

Ասում են՝ սննդամթերքի տեսակից կախված է նաեւ մարդու սեռական կյանքի որակը, այդ պատճառով էլ սեքսուալ հաղթանակներ նվաճելու նպատակով շատերը դիմած կլինեն ավանդական հնարքների:

Aravot.am-ի հետ զրույցում սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն ասաց, որ հայերի շրջանում այս հարցում մեծ դեր ունեցավ հայտնի «Ինն ու կես շաբաթ» էրոտիկ ֆիլմը, որը դիտելուց հետո լայն տարածում գտավ սիրեցյալի մարմնին բալի մուրաբա քսելու տարբերակը: «Սեքսուալ խոհանոցում մեծ ուշադրության են արժանի ֆոսֆորով հարուստ մթերքները: Դեռ հին հռոմեացիներն ասում էին, որ ձուկը սնում է ցանկասիրությունը: Կրքահարույց ծովամթերքի ցանկում են կատվաձուկը, կաղամարը, ոստրեն, ինչպես նաեւ իշխանը: Ուժեղ խթանիչ ներգործություն ունեն նաեւ մրգերը: Արեւելքում այսօր նռան հատիկները խորհուրդ են տրվում զուգընկերոջը՝ սիրո գիշերից առաջ: Այս հարցում «օգնական» է համարվում նաեւ անանասը: Բանջարեղենից առանձնացնում են ծաղկակաղամբն ու գազարը: Ընկույզը (հատկապես՝ սովորական, նուշը եւ պիստակը) պարունակում է վիտամինների եւ միկրոէլեմենտների բացառիկ հավաքածու, ինչն անփոխարինելի է հոգնածության եւ սթրեսների ժամանակ»,- բացատրում է բժիշկը՝ շեշտելով, որ շատերը, հատկապես երիտասարդները այն թյուր կարծիքի են, թե ալկոհոլը խթանում է սեռական ցանկությունն ու ուժեղացնում պոտենցիան: Բայց սեքսոլոգները այս տեսակետի հետ համաձայն չեն, քանի որ հարբեցողությունը «ստիպում» է լյարդին արտադրել հսկայական քանակությամբ ֆերմենտներ, որոնք քայքայում են տեստոստերոնը՝ տղամարդու լիբիդոյի (սեռական ցանկության) հորմոնը:

«Հետազոտությունները փաստում են, որ միջին տարիքի տղամարդկանց զգալի մասը չի կարողանում էրեկցիայի հասնել անգամ երեք կում լիկյորից հետո: Իսկ երկարատեւ հարբեցողությունը կարող է հանգեցնել սեռական անկարողության եւ անպտղության: Թունդ ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաեւ մեծ քանակությամբ գարեջուր կամ գինի խմելը սպառում է ֆոլաթթվի պաշարները: Օրգանիզմում նրա պակասի ախտանշաններն են՝ դյուրագրգռություն, մոռացկոտություն, թուլություն, հոգնածություն, հաճախակի լուծ, գլխացավ եւ սեքսուալ ակտիվության նվազում: Այնպես որ, ինքներդ որոշեք՝ խմե՞լ, թե՞ ոչ»,- ասում է բժիշկը, ըստ որի՝ սեռական ակտիվությունը խթանող միջոցները կոչվում են աֆրոդիզիակներ՝ ի պատիվ հին հունական սիրո աստվածուհու՝ Աֆրոդիտեի:

«Աֆրոդիզիակների շարքում նեխուրը առաջատարներից է: Պատահական չէ, որ Լյուդովիկոս 15-րդի սիրուհի մարքիզուհի դե Պոմպադուրը, ով «անկողնային վագրուհի» էր, միշտ նեխուրով տաք շոկոլադ էր ըմպում: Հնդկացիները, արաբներն ու չինացիները սեռական կարողությունը պահպանելու համար հնուց ի վեր նուշ են օգտագործում: Իսկ կաղինը համարում են «կրքի կորիզ»՝ նրա գրգռիչ ազդեցության համար: Հնդկաստանում սիրային լավագույն ուտելիքներից է մեղրով պիստակը: Ցայտուն կերպով սեռական ցանկություն է ուժեղացնում ռեհանը: Այն խորհուրդ է տրվում հաճախակի օգտագործել 50-ն անց մարդկանց: Սոխն ու սխտորը բոլոր ժամանակներում էլ հայտնի են եղել իբրեւ սեռական ցանկության խթանիչներ: Այդ պատճառով իրենց հայրենիքում՝ Եգիպտոսում, սոխն ու սխտորը սուրբ բույսեր են համարվում»,- սեքսուալ ցանկությունը խթանող մթերքները թվելով՝ ասաց Վ. Շահրամանյանը, բացատրելով, թե ինչո՞ւ է ամուսնական առաջին ամիսը կոչվում «մեղրամիս»:

«Մեղրը նույնպես հրաշալի աֆրոդիզիակներից է: Հին Պարսկաստանում հարսանիքից հետո նորապսակները մեկ ամիս շարունակ մեղրաջուր էին խմում՝ իրենց ապագա երեխային շուտ բեղմնավորելու նպատակով: Ծովային «ծագմամբ» աֆրոդիզիակներից «ամենացնցողը», թերեւս, ոստրեն է, քանի որ այն ոչ միայն օգտակար է, այլեւ շատ ռոմանտիկ տեսք ունի: Սմբուկը, լոբին, սունկը, ծաղկակաղամբը, դեղձը, բանանը, խնձորը, խաղողն ու շոկոլադը սեքսուալ կյանքը կարող են դարձնել ավելի հետաքրքիր եւ հագեցած: Իսկ ամենակարեւորը՝ ամեն ինչ պետք է լինի չափի մեջ, որովհետեւ միեւնույն մթերքը քիչ քանակությամբ օգտագործելու դեպքում կարող է ակտիվացնել սեռական ցանկությունը, իսկ չարաշահելու դեպքում՝ ընկճել այն»,- հավելեց Վրեժ Շահրամանյանը:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829