Չճանաչելով անցյալը՝ դժվար է ստեղծել գրագետ եւ ճիշտ երաժշտություն: Սա սիրված էստրադային երգիչ Արթուր Իսպիրյանի կարգախոսն է: Ի տարբերություն իր շատ գործընկերների, Արթուր Իսպիրյանը կուլ չգնաց անկախության տարիներին հայկական երաժշտարվեստ ներթափանցած, այսպես կոչված՝ փոփ-ռաբիսին, չնայած վերջինս ավելի շահութաբեր է: Նա շարունակում է ստեղծագործել՝ հավատարիմ մնալով ինքն իրեն: Օրերս լույս է տեսել նրա նոր ալբոմը՝ «Once Upon a Time in Yerevan» (թարգմանաբար՝ «Ժամանակին Երեւանում»), որտեղ զետեղված են Առնո Բաբաջանյանի, Մարտին Վարդազարյանի, Արտեմի Այվազյանի, Կոնստանտին Օրբելյանի եւ այլոց ստեղծագործությունները, փաստորեն CD-ին հին, բայց ոչ ժամանակավրեպ գործերի ինքնատիպ ծաղկաքաղ է: Երգերը Արթուրը հայթայթել է Երվանդ Երզնկյանի ու Մարտին Վարդազարյանի հետ միասին՝ ռադիոյի արխիվից:
«Առավոտ» օրաթերթ