Վերջերս կայացան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի ընտրություններ, եւ այդ պաշտոնում 2 տարով վերընտրվեց աստղադիտարանի գործող տնօրեն Հայկ Հարությունյանը: Մյուս թեկնածուն «Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն Արա Միրզոյանն էր, որի թեկնածությունը կոլեկտիվի 2/3-ի հավանությանն էր արժանացել:
Սոցիալական ցանցերում եւ մասնավորապես facebook-յան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» էջում թեմայի շուրջ բուռն քննարկումները դեռ շարունակվում են ու այն կարծիքն է շրջանառվում, թե Հայկ Հարությունյանը (լուսանկարում) «վերեւների» թեկնածուն էր, դրա համար էլ անտեսվել է Արա Միրզոյանին համակրող աստղադիտարանի կոլեկտիվի մեծամասնության կարծիքը:
Աստղադիտարանի տնօրենը, սակայն, համամիտ չէ իր դեմ ուղղված այդ պնդումներին: «Առավոտի» հետ զրույցում նա փաստեց, որ ակադեմիական ինստիտուտներում տնօրենի ընտրությունը, ըստ կանոնադրության, կատարվում է ԳԱԱ նախագահությունում, դրան նախորդում են մի քանի փուլեր՝ կոլեկտիվի, ԳԱԱ համապատասխան բաժանմունքի կարծիքի արտահայտում, իսկ վերջնական ընտրությունը վերապահված է ակադեմիայի նախագահությանը:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կմեկնաբանի կոլեկտիվում իր՝ քիչ ձայներ ստանալը:
Կարդացեք նաև
«Գոյություն ունեն պոպուլիզմի տարբեր տեսակներ, որոնցից սովորաբար չեմ օգտվում: Մյուս հավակնորդն անհիմն խոստումներ տվեց աշխատավարձերի բարձրացման հետ կապված, եւ դա այն դեպքում, երբ ակադեմիայի նախագահությունում գիտեն թե մեր ինստիտուտի, թե Միրզոյանի ղեկավարած հիմնարկի ֆինանսական վիճակը: Մյուս հավակնորդը խոստանում էր գումարներ բերել, մինչդեռ իր ղեկավարած հիմնարկում 10 ամիս աշխատավարձ չի վճարել: Հարց է առաջանում՝ ինչու այնտեղ չի վճարել, իսկ ասղադիտարանում՝ կվճարի»,- պատասխանեց Հայկ Հարությունյանը: Մեր այն դիտարկմանը, որ այսօր Բյուրականի աստղադիտարանը չունի նախկին փառքը, տնօրենը պատասխանեց. «Այդ փառքը չունի եւ չի ունենա որեւէ այլ տնօրենի դեպքում: Մյուս կողմից էլ՝ մեր աստղադիտարանի հետ աշխարհում հաշվի են նստում, մեր աշխատակիցները պարբերաբար հրավիրվում են եւ կոնֆերասների, եւ արտերկրյա գիտական հիմնարկներում աշխատելու, ֆրանսիական, իտալական, ռուսական ընկերությունները համագործակցության պայմանագրեր են կնքում: Այսքանով հանդերձ, աստղադիտարանի վերջին 1,5 տարվա հաջողությունները մյուս հավակնորդը եւ նրա կողմնակիցները շուռ են տալիս ու ներկայացնում որպես անօգուտ ծրագրեր»: Հայկ Հարությունյանն անհիմն է համարում նաեւ այն մեղադրանքները, թե աստղադիտարանում գումարներ են փոշիացվում. «Ի տարբերություն մյուս ինստիտուտների, Բյուրականի աստղադիտարանը ՀՀ բյուջեից ավելի քիչ գումար է ստանում՝ տարեկան 63,5 մլն դրամ, որից 48 մլն-ը աշխատավարձի ֆոնդն է, 7 միլիոնը գնում է էներգակիրների, 4 մլն-ը տրանսպորտի վրա: Մնացած բոլոր ծախսերի համար մնում է 3-4 մլն դրամ: Էլ որտեղից գումար, որ փոշիացվի»: Մեր զրուցակիցը հայտնեց, որ այսուհետեւ աստղադիտարանի տնօրենի աշխատանքը վերահսկվելու է 3 ակադեմիկոսներից բաղկացած խորհրդի կողմից, եւ ցանկացած կարեւոր որոշման դեպքում տնօրենը խորհրդակցելու է նրանց հետ:
Աստղադիտարանի տնօրենի պաշտոնի մյուս հավակնորդին՝ Արա Միրզոյանին էլ հարցրինք, ինչո՞ւ չընտրվեց, եթե իսկապես վայելում էր կոլեկտիվի 2/3-ի համակրանքը: «Եթե ես պատասխանեմ, իմ բացատրությունը սուբյեկտիվ կլինի, օբյեկտիվ պատասխան ստանալու համար լավ կլիներ հարցնեք հենց այդ 2/3-ից»,-ասաց նա: Հայկ Հարությունյանի որակմամբ պոպուլիստական խոստումներին պարոն Միրզոյանը չցանկացավ հակադարձել, նշեց, որ ամեն ինչ ժամանակը տեղը կդնի, ինքն էլ չի ցանկանում գիտական հանրությանը կիսել իր կողմնակիցների եւ հակառակորդների:
Տնօրեն ընտրվելու դեպքում ինչպե՞ս պիտի աստղադիտարանի նախկին փառքը վերադարձներ:
«Առաջին հերթին պետք է շփվել այսօրվա առաջատար գիտական ուղղությունների հետ, դրա համար ողջ աշխարհում կազմակերպում են workshop-եր, շփումներ, մտքերի փոխանակումներ, մի բան, որ Բյուրականում երբեւիցե չի եղել: Այնտեղ ընդամենը կազմակերպվել են երիտասարդների համար դպրոցներ, որը ղեկավարությունը գնահատում է շատ բարձր, բայց ճիշտ կլինի այդ մասին հարցնել հենց երիտասարդությանը: Մենք ունենք շատ մասնագետներ, որոնք լքել են Բյուրականը, այնտեղ ակտիվ մթնոլորտ չկա, երիտասարդներին տրված խոստումները չեն կատարվում, Բյուրականի աստղադիտարանը չունի գիտական ուղղվածություն եւ ծրագիր»,- հայտարարեց չընտրված թեկնածուն:
Իսկ ինչո՞ւ է ուզում անպայման ղեկավար դառնալ մի օջախում, որը քիչ է ֆինանսավորվում եւ այն ղեկավարելը առանձնապես հեշտ չէ: Արա Միրզոյանն ասաց, որ դա իր վաղեմի ցանկությունն է, ինքը ծնվել է Բյուրականում, 10 տարի աշխատել այնտեղ, հայրն էլ 26 տարի աստղադիտարանի փոխտնօրենն է եղել: Պարոն Միրզոյանը հայտարարում է, որ ի վիճակի է Բյուրականի աստղադիտարանը ոտքի կանգնեցնել, մի բան, որ, իր ձեւակերպմամբ, ժամանակին արել է Գառնիի իր հիմնարկում: Ասում է՝ 52 մլն դրամ պատքով կառույց է ժառանգել ու խելքի բերել:
Զրուցեցինք նաեւ մեր ընկալմամբ չեզոք մարդու՝ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանի հետ, որը հայտնի է որպես երիտասարդ գիտնականների համար զանազան ծրագրեր իրականացրած անձնավորություն:
Նրա խոսքով. «Հարությունյանն ընտրվել է համաձայն բոլոր պահանջների եւ ոչ մի խախտում էլ չկա: Կոլեկտիվը հունվարի 31-ին կայացած իր ժողովում քվեարկությամբ իր վերաբերմունքն է արտահայտել տնօրենի երկու առաջադրված թեկնածուների վերաբերյալ (Հարությունյան՝ 16, Միրզոյան՝ 28 ձայն), սակայն դա ընտրություն չէր: Ընտրակարգի համաձայն, նման քննարկում տեղի ունեցավ նաեւ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի փետրվարի 6-ին կայացած ժողովում, որտեղ արդեն բոլորն արտահայտվեցին Հարությունյանի օգտին եւ բաց քվեարկությամբ նրան միաձայն երաշխավորեցին տնօրեն ընտրվելու համար: Սա նույնպես ընտրություն չէր: Բուն ընտրությունը տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահության փետրվարի 8-ի նիստում, որտեղ 15 քվեարկողներից 14-ը ձայները տվել են Հարությունյանի օգտին, իսկ մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Կանոնադրության համաձայն տնօրեն կարելի է ընտրել մինչեւ 5 տարի ժամկետով, սակայն ակադեմիան՝ հաշվի առնելով կոլեկտիվի կարծիքը, Հարությունյանին ընտրել է 2 տարով, այսինքն՝ կոլեկտիվի կասկածները ինչ-որ չափով ազդել են նախագահության որոշման վրա, բայց, այնուամենայնիվ, Միրզոյանի նկատմամբ Հարությունյանին գերապատվություն տալը կասկածից վեր էր: Սա իրոք օբյեկտիվ իրողություն է, քանի որ կարող ենք պարզ համեմատություն կատարել: Հարությունյանը 20 տարուց ավելի աշխատել է աստղադիտարանի ղեկավարության կազմում, ունի գիտակազմակերպական աշխատանքի մեծ փորձ, ճանաչված է գիտական հանրության կողմից, մանրամասն տեղյակ է աստղադիտարանի բոլոր խնդիրներին: Միրզոյանը գիտության մեջ աշխատել է միայն իր աշխատանքային գործունեության առաջին տարիներին (շուրջ 20 տարի եւ ավելի առաջ), այնուհետեւ զբաղվել է գործարարությամբ, իսկ ներկայումս «Գալակտիկա» ՓԲԸ տնօրենն է: Ես նույնիսկ կարծում եմ, որ եթե այլ թեկնածուներ չեն առաջադրվել, ապա դա այն իրողության վկայությունն էր, որ Հարությունյանին արժանի հակառակորդներ չկային, դե իսկ կոլեկտիվի քվեարկության ժամանակ Միրզոյանի դեպքում նշանակություն է ունեցել աշխատավարձերի կրկնակի ավելացման վերաբերյալ նրա տված «խոստումը», ինչին ես իհարկե լուրջ չեմ կարող վերաբերվել: Մարդկային առումով դա էլ հասկանալի է, քանի որ կոլեկտիվի մեծ մասը շատ դժգոհ է եւ հազիվ է կարողանում օրվա հացը վաստակել»:
Պարոն Միքայելյանը ճշմարտության դեմ չմեղանչելու համար հավելեց, որ Հայկ Հարությունյանը վերջին տարիներին համեմատաբար ակտիվ չի գործել, բայց դրա պատճառներն էլ կան. «Դրանք կոլեկտիվի որոշ անդամներին «չնեղացնելու» մեջ են, ինչը շատ ցավալի է: Անձամբ ես այդպիսի քաղաքականություն չէի վարի, մանավանդ որ՝ խոսքը գիտության համար վաղուց անպիտան դարձած մարդկանց մասին է»:
Արեգ Միքայելյանին հարցրինք՝ ինչպես է վերաբերվում այն կարծիքին, որ Հայկ Հարությունյանը «վերեւների» թեկնածուն է:
«Զարմանալի եւ անբացատրելի իրողություն է, բայց մեզ մոտ՝ Բյուրականում, երբեք նորմալ ընտրություններ չեն լինում… Հիշենք 1988 թվականին Համբարձումյանի հրաժարականից հետո տեղի ունեցած բոլոր ընտրությունները, երբ իրարանցում է սկսվում, թեկնածուներից եւ ոչ մեկը չի հավաքում ձայների անհրաժեշտ քանակ, ընտրությունները ձգձգվում են, ի վերջո նշանակվում է տնօրենի պաշտոնակատար եւ այլն: Նույնիսկ գիտական խորհրդի կազմ ընտրելիս մեր կոլեկտիվը բոլորին «ջնջում» է, եւ արդյունքում, օրինակ, ընտրվում է միայն 3 հոգի, կամ եղել է նույնիսկ՝ 1 (ի դեպ, այդ մի դեպքում՝ հենց Հայկ Հարությունյանն էր): Էլ ի՞նչ իրավունքների ոտնահարման կամ կոլեկտիվի կարծիքին դեմ գնալու մասին է խոսքը: Այս ամենն ասում եմ, քանի որ օրինաչափ է այն հարցը, թե այնուամենայնիվ ինչո՞ւ կոլեկտիվի քվեարկության պատկերն այդպիսին ստացվեց: Այս անգամ էլ, նորից տեղի է ունեցել իրական թեկնածուի «ջնջում», իսկ ձայները տվել են մեկին, ում մեծամասամբ չեն էլ ճանաչում: Սխալ է ներկայացվում նաեւ այն, թե իբր Միրզոյանն ուներ լավ ծրագիր. այնտեղ որեէ էական գաղափար չկար եւ, ամբողջությամբ հանգում էր նրան, որ իբր աշխատավարձերը բարձրացվելու են»:
Ա. Միքայելյանը ընտրությունների արդյունքները գնահատում է օրինաչափ եւ նշում, որ Հարությունյանը ոչ թե ակադեմիայի դրածոն է, այլ այս իրավիճակում միակ հնարավոր տարբերակը: Նաեւ փաստում է, որ ժամանակին Հարությունյանին առաջին անգամ փոխտնօրեն է նշանակել հենց ինքը՝ Վիկտոր Համբարձումյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ