Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտվել է արտերկրում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը

Փետրվար 16,2012 13:31

Facebook սոցիալական ցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը, որի մեջ զգալի թիվ են կազմում սփյուռքահայերը եւ արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիները, գործունեություն է ծավալում մեր ԲՈԼՈՐԻՍ Հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության պետականաշինության գործընթացին սփյուռքահայությանը էլ ավելի մերձեցնելու ուղղությամբ: Քննարկումների ժամանակ մասնակիցներն այս պահին հրատապ են համարել արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքն իրագործելի դարձնելու հարցը: Ուստի, նախաձեռնող խումբը հորդորում է ՀՀ իշխանություններին եւ քաղաքական ուժերին ՀՀ քաղաքացու օգտին լուծել այս կարեւոր խնդիրը։ Սփյուռքում այսօր մեծ թիվ են կազմում Հայաստանից հեռացած քաղաքացիները, ովքեր, ինչպես գիտեք, ունեն ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված բոլոր իրավունքները, այդ թվում՝ Հայաստանի տեղական եւ համապետական ընտրություններին մասնակցելու իրավունքը։ Մայր օրենքը եւ դրա հիմք հանդիսացող կարեւոր գործիքը՝ ազատ քվեարկությունը, հաստատում են, որ ժողովուրդը իրականացնում է երկրի ղեկավարումը արդար ընտրությունների միջոցով։ Սակայն արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների համար ՀՀ ընտրություններին մասնակցելը գործնականում այսօր անհնարին է: 2008 թվականից նրանցից խլել են փաստացի բնակության վայրում քվեարկելու հնարավորությունը: Սա քաղաքացու սահմանադրական հիմնարար իրավունքի կոպիտ ոտնահարում է: ՀՀ իշխանությունները բնավ չեն արգելում ՀՀ քաղաքացուն մասնակցել երկրում իրականացվող ընտրություններին, պայմանով, որ քաղաքացին անձամբ ֆիզիկապես գտնվի եւ քվեարկի ՀՀ տարածքում, ինչը, համաձայնեք, արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների գերիշխող մեծամասնության համար նյութական առումով պարզապես անիրագործելի է։ Փաստորեն, հանրապետության սահմաններից դուրս հայտնված ՀՀ շարքային քաղաքացին չունի քվեարկելու իրավունք՝ անգամ արտերկրում գործող ՀՀ դիվանագիտական առաքելության տարածքում։ Այդպես ՀՀ քաղաքացիների ընդհանուր թվի զգալի մասը դառնում է ձայնազուրկ։ Մենք համոզված ենք, որ արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների՝ իրենց բնակության վայրում քվեարկելու իրավունքի վերահաստատումը կնպաստի մեր հանրապետության հզորացմանը եւ համայն հայության մասնակցությանը Հայրենիքի հզորացման վեհ գործին։

«Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» https://www.facebook.com/groups/204847362934366/

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829