Լրահոս
Օրվա լրահոսը

73-ամյա տղամարդը պառկում է «բուլդոզերի» առաջ

Փետրվար 16,2012 13:28

Որ քրտնաջան աշխատանքով ստեղծած այգին չոչնչացնեն

Գորիսի բնակիչ Մարտին Մայսուրյանի կողմից շուրջ 54 տարի մշակվող այգին Գորիսի քաղաքապետարանը վերցրել ու վաճառել է իր նախընտրած մարդուն:

Բանն այն է, որ Մարտին Մայսուրյանն այդ այգին դեռեւս խորհրդային տարիներից, բառի ուղիղ իմաստով՝ քար ու ձորից դարձրել է 8500 մետր ծառ ու թուփով մշակելի հողատարածք: Իսկ խորհրդային իշխանությունների որոշմամբ՝ այդ հողամասը ճանաչվել է տնամերձ հողատարածք եւ ներառվել Գորիսի գլխավոր հատակագծում: Հետագայում քաղաքապետարանը որոշ հողօգտագործողների թույլատրել է սեփականաշնորհել իրենց տարածքները, իսկ Մարտին Մայսուրյանին մերժել են: Մ. Մայսուրյանի պատմելով՝ իր հողատարածքի վրա աչք ուներ Սյունիքի մարզպետի կնոջ եղբայրը՝ Մելիք Բարսեղյանը, եւ հենց դա է եղել պատճառը, որ շուրջ 20 տարի չի կարողացել սեփականաշնորհել ամբողջ կյանքում ստեղծած ու ծաղկեցրած այգին: «18 անգամ դիմում եմ գրել, եւ բոլոր դիմումներս արհամարհվել են: Իմ 900 քմ հողատարածքը քաղաքապետարանը բաժանել է 2 մասի, ճանաչել անհայտ տնամերձ անօգտագործելի տարածք, հասցեն փոխել ու աճուրդով վաճառել, ընդ որում՝ առանց ինձ նախապատվության իրավունք տալու: Ես բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեմ, որ տասնյակ տարիներ ես եմ օգտագործել այդ տարածքը: Ինձ ահաբեկում են՝ որ տունս ու այգիս կվերացնեն, 2 անգամ ինսուլտ եմ ստացել դրանց ձեռքից: 10 ամիս է՝ ոստիկանությունն ու քաղաքապետարանը գալիս են, որ բուլդոզերով քանդեն այգիս, բայց ես պառկում եմ բուլդոզերի առաջ, որ հանկարծ բան չանեն»: Ըստ Մ. Մայսուրյանի՝ իր հողատարածքը քաղաքապետարանը մաս-մաս է արել ու մի հատվածը սեփականաշնորհել մարզպետի աներձագին, մյուս մասը՝ վերջինիս ընկերոջը: Մեկ օր հետո ընկերը 2 միլիոն դրամով իր մասը վաճառել է կրկին մարզպետի աներձագին:

73-ամյա Մարտին Մայսուրյանը դիմել է Գորիսի ընդհանուր իրավասության եւ վերաքննիչ դատարան, բայց արդյունքի չի հասել: Պարոն Մայսուրյանի պատմելով՝ դատարանը հայցը չէր ընդունում, ձգձգում էր. «Հետո իմացա, որ մարզպետի աներձագը՝ Մելիք Բարսեղյանը, այդ հողատարածքը նվիրատվություն է ձեւակերպել իր մորը, մայրն էլ վաճառել է Մելիքի զոքանչին: Այս ամենն արել են, որպեսզի ես դատարանում պահանջելու բան չունենամ»:

Ինչպես պարոն Մայսուրյանն է վստահեցնում, բոլորը վախեցած են եւ չեն համարձակվում մարզպետ Սուրեն Խաչատրյանին եւ նրա հարազատներին դեմ դուրս գալ. «Մարզպետն ամբողջ Գորիսի շրջանն իր բնակիչներով սեփականաշնորհեց, բացի ինձանից: Այս խոսքերն ինքն անձամբ է ասել: Ես 20 տարի է՝ Գորիսի շրջկոմի առաջին քարտուղարն եմ: Ամեն ընտրությունների ժամանակ մարզպետն ինձ ստիպում է, որ ընտրությունները կեղծեմ հօգուտ իրենց: Ես, բնականաբար, միշտ էլ հրաժարվել եմ: Դիմել եմ նաեւ վճռաբեկ դատարան, եթե վճռաբեկն էլ մերժի, ուրեմն թող ինձանից չնեղանան ու էդ բոլոր խուլիգաններով գնան իրենց տները ու տնից դուրս չգան»:

Մարտին Մայսուրյանը թեեւ դիմել է ՀՀ նախագահին, դատախազություն ու արդարադատության նախարարություն, բայց ինչպես ինքն է ասում. «Հույս չունեմ, որ մի բան կանեն: Էս երկրում ոչ օրենք կա, ոչ էլ մարդկություն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829