Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պահանջում են արդարացնել

Փետրվար 16,2012 13:21

Բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունն ավարտման փուլում է

Համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու եւ ճանապարհային ու տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու մեջ մեղադրվող Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը ավարտման փուլում է:

Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ Ռ. Սարուխանյանը դատարանին միջնորդեց մեղավոր ճանաչել 27-ամյա երիտասարդին երկու հոդվածներով էլ եւ կիրառելով համաներման ակտը՝ նրան ազատել պատժի կրումից:

Թադեւոս Գեւորգյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանն էլ, հանդես գալով արդարացման միջնորդությամբ, պահանջեց անմեղ ճանաչել իր պաշտպանյալին:

Նա միջնորդեց նաեւ, որ դատարանը լրացուցիչ որոշում կայացնի հսկող դատախազի եւ Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Կ. Գաբրիելյանի վերաբերյալ եւ ուղարկի նրանց վերադասներին:

Փաստաբան Հակոբյանը պնդում է, որ դատաքննության ընթացքում ի հայտ են եկել մինչդատական վարույթում թույլ տված բազմաթիվ էական խախտումներ թե քննիչի, թե հսկող դատախազի կողմից:

Փաստաբանը դատարանին միջնորդեց դիմել ՀՀ գլխավոր դատախազին կամ Շիրակի մարզի դատախազին՝ ավագ քննիչ Կ. Գաբրիելյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:

Նա ասում է, որ ավագ քննիչը, ըստ դատաքննության ընթացքում տրված ցուցմունքների, անցել է պաշտոնեական լիազորությունները, ապացույցներ է կեղծել եւ վկային հարկադրել է սուտ ցուցմունքներ տալ:

«Հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկատվություններ են, որ ի հայտ են եկել դատաքննության ժամանակ, իսկ թե որքանով են ճիշտ կամ սխալ՝ անհրաժեշտ է պարզել»,- բացատրում է նա:

«Քննիչը նույն անձի՝ վկայի կարգավիճակով տրված ցուցմունքը հետագայում անգամ նույն տառասխալներով ու կետադրական սխալներով դարձրել է տուժողի ցուցմունք, ինչի տակ անձը առանց կարդալու ստորագրել է: Տուժող Գայանե Սարգսյանը հայտարարեց, որ ինքը չէր կարող այդ ամենը մեկ ամիս հետո նույնությամբ կրկնել, բացի այդ, ասաց՝ այդ ծավալի ցուցմունք չի տվել»:

7-ամյա Արման Սրզումանյանի հարցաքննությանը մասնակից մանկավարժը դատարանում ցուցմունք է տվել, որ քննիչը մի շարք հարցեր է ուղղել երեխային, հարցաքննությունն էլ տեւել է 5-7 րոպե:

«Քրեական դատավարության օրենսգիրքը պահանջում է գրանցել ցանկացած հարց ու պատասխան: Հարցաքննության արձանագրության մեջ ոչ մի հարց չկա: Ավելին, կազմված արձանագրության համաձայն՝ հարցաքննությունը 30 րոպե է տեւել»,- ասում է փաստաբանը:

Դատարանում վկա Նելլի Խոջոյանը հայտարարել է, որ երբ իրեն բերման են ենթարկել Շիրակի մարզի նախաքննական մարմին, քննիչը վախեցրել է իրեն, գոռացել վրան՝ ասելով՝ եթե չասես, որ բռնաբարության փորձ տեղի է ունեցել, մենք քեզ կուղարկենք Աբովյանի կանանց գաղութ»:

«Իսկ երբ վկա Խոջոյանը վերոնշյալ դեպքի կապակցությամբ դիմում է հասցեագրել հսկող դատախազին, քննիչ Գաբրիելյանի ենթադրյալ ապօրինի գործողությունների վերաբերյալ դիմումը ուղարկվել է նույն քննիչին՝ ընթացքը լուծելու համար: Սա ուղղակի ծիծաղելի է»,- նախաքննական խախտումների մասին է պատմում փաստաբան Հակոբյանը;

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թադեւոս Գեւորգյանը իր կողմից վարած «Վազ 21-21» մակնիշի ավտոմեքենայով, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, Սպիտակ-Երեւան ճանապարհի 1-ին կիլոմետրի վրա ավտոմեքենան վարելով սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցող արագությամբ եւ դեպքի վայրի ճանապարհահատվածում իրականացնելով վարած ավտոմոբիլի ընթացքի ոչ պատշաճ ու վտանգավոր կառավարում՝ ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց երթեւեկելի ուղեմաս եւ ընկել ճանապարհին հարող հանդամասը: Արդյունքում՝ ավտոմեքենայի ուղեւոր Վարդան Արզումանյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Մինչ օրս նա չի կարողանում շարժվել, խոսել, լսել:

Վթարից երկու ամիս անց տուժող Գայանե Սարգսյանը, ով մյուս տուժող Վարդան Արզումանյանի հորեղբոր որդու կինն է, բացատրություն է տվել նախաքննական մարմնին, թե վթարից 4 տարի առաջ համագյուղացի Թադեւոսը փորձել է իրեն բռնաբարել:

Ինչպես դատական նախորդ նիստերին, այնպես էլ դատական վիճաբանությունների փուլում տուժող Գայանե Սարգսյանը հայտարարեց, որ իր նկատմամբ բռնաբարության փորձ չի եղել, հարազատներն են ստիպել, որ այդպես ասի:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829