Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արաքս» թռչնաֆաբրիկայում լայնածավալ ստուգումներ են իրականացվում

Փետրվար 16,2012 13:07

«Առավոտին» տված հարցազրույցում տեղեկացրեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

«Առավոտը» բազմիցս անդրադարձել է հայաստանյան մի քանի թռչնարտադրող ընկերությունների ահազանգին, որով թռչնաբույծներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնում ոլորտում ստեղծված որոշ բացասական երեւույթների վերաբերյալ, մասնավորապես՝ որ Հայաստան ներմուծվող սառեցրած հավերը վերափաթեթավորվում եւ վաճառվում են տեղական՝ թարմ կամ սառեցրած հավի անվան տակ: Թեմայի հետ կապված «Առավոտի» հարցերին պատասխանում է Սննդի անվտանգության ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը:

– Պարոն Բախչագուլյան, հայաստանյան թռչնարտադրող որոշ ընկերությունների ղեկավարներ հավաստիացնում են, որ ոլորտում վերջին շրջանում արձանագրված որոշ բացասական երեւույթների մասին տեղեկացրել են նաեւ Ձեզ: Ի՞նչ քայլեր է իրականացրել Ձեր ղեկավարած ծառայությունը՝ իրողությունը բացահայտելու ուղղությամբ եւ ի՞նչ փուլում են դրանք:

– Թռչնաբույծների ահազանգի հետ կապված հանդիպել ենք նրանց, առարկայորեն քննարկել առկա իրավիճակը: Ծառայության կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ: Հանդիպումներ ենք ունեցել նաեւ թռչնի միս ներկրող բոլոր տնտեսվարող սուբյեկտների հետ, նրանց առաջադրանք է տրվել՝ իրենց կողմից ներմուծված հավի մսի իրացման հետագծելիությունն ապացուցող փաստաթղթերի ներկայացման վերաբերյալ: Խնդիրը դեռ ուսումնասիրության եւ վերլուծությունների փուլում է: Այս տարի առավել ուշադրություն ենք դարձնելու թռչնի միս արտադրող, ներմուծող եւ իրացնող կազմակերպությունների գործունեության վրա, այդ իսկ պատճառով արդեն սկսել ենք ստուգումներ իրականացնել նաեւ թռչնաբուծարաններում: «Արաքս» թռչնաֆաբրիկայում իրականացվում են լայնամասշտաբ ստուգումներ: Ստուգվում են ոչ միայն թռչունների պահվելու եղանակները, վակցինացիային, մորթին եւ դրանց ներկայացվող պահանջների կատարման համապատասխանությունը, այլ նաեւ իրացման հետագծելիությունը: Խնդիրը մեկ օրում լուծելու խնդիր չէ, այն պետք է հասկանալ եւ կարողանալ տնտեսվարողների հետ մշակել այն խաղի կանոնները, որով բացասական իրողությունները իսպառ կվերացվեն: Թռչնամսի հետ կապված խնդիրը լուծելի է արտադրման եւ իրացման հետագծելիության կարգի պահպանմամբ: Ձվի հետ կապված գործողությունները եւ թյուրիմացությունները կանխելն առավել հեշտ է, քանի որ ձուն մեր հանրապետություն ներմուծվում է մեր հսկողության ներքո, եւ մակնշման պահանջի կատարումը առավել հեշտ է իրականացնել եւ վերահսկել: Ինչ վերաբերում է հավին, ապա թռչնամսի նույնականացումը՝ սառեցրածը թարմի անվան տակ վաճառելը, այդքան էլ դյուրին խնդիր չէ: Եվ դա կարող է պարզվել միայն վերլուծության լաբորատոր լայնածավալ հետազոտության արդյունքում: Մեր կողմից, թռչնաբույծների հետ միասին, ուսումնասիրվել են նաեւ խանութներում առկա բոլոր հավերի տեսականիները, նաեւ թռչնաբույծները փաստեցին, որ դժվար է սառեցված հավը վաճառել թարմի անվան տակ, քանի որ սառեցված հավը իր ապրանքային տեսքը եւ որոշ հատկանիշներ կորցնում է եւ սպառողի համար դա նկատելի է: Խնդիրն ավելի շատ ներկրված՝ սառեցրած եւ տեղական սառեցրած հավերի նույնացման մասին է: Փորձելու ենք այդ խնդիրը լիովին լուծել:

– Իսկ այն, որ ներկրված՝ սառեցրած հավերը հատուկ սարքավորումներով եւ բաղադրություններով վերամշակվում են՝ թարմի «նմանեցնելու համար», չի՞ կարող սպառողին թյուրիմացության մեջ գցել:

– Այդ սարքավորումներով թարմացումները եւս շատ թանկ հաճույք է եւ կազդի հավի ինքնարժեքի վրա: Դա ապացուցելի չէ: Ապացուցելի չէ նրա տեսականին:

– Ձեր լաբորատոր հետազոտությունների արդյունքում հնարավո՞ր է պարզել հավի բաղադրությունը, այսինքն՝ թե նրա մեջ գլիցիրինի պարունակությունը, ստաբիլիզատորները, հակաօքսիդանտները, էմուլգատորը, ցիտրինը եւ այլն:

– Հայաստանում ստուգումների կազմակերպման համար լաբորատոր հետազոտությունները իրականացվում են մրցութային եղանակով՝ պետական ծրագրի շրջանակներում: Մրցույթը հայտարարված է: Տվյալ ստուգմանը վերաբերող լաբորատոր փորձաքննությունները այս պահին իրականացնում է Սննդամթերքի անվտանգության ծառայության ներքո գործող անասնաբուժական եւ բուսասանիտարական լաբորատորիան: Սակայն մեր հանրապետությունում դեռեւս չկա մի լաբորատորիա, որը ամբողջ սպեկտորով փակի բոլոր փորձաքննությունները: Այդ պատճառով մեր ծառայությունը հայտարարել է մրցույթ, թե որ լաբորատորիայի կարողությունները թույլ կտան իրականացնել այդ փորձաքննությունները: Տվյալ մրցույթը շարունակական է լինելու: Խնդիրը լուծելի կլինի այն ժամանակ, երբ Հայաստանը ունենա լաբորատորիաների ցանց, որով կարողանանք ամբողջ սպեկտորով իրականացնել փորձաքննություններ: Իսկ այսօր իրականացվում են հետազոտություններ այն չափով, որքանով որ մեր լաբորատոր հնարավորությունները ներում են:

– Ե՞րբ եք սկսել զբաղվել խնդրով եւ, ի վերջո, ե՞րբ հայտնի կլինեն ուսումնասիրությունների արդյունքները:

– Ուսումնասիրությունը սկսել ենք, կարծում եմ, փետրվարի 2-ին եւ մինչեւ ամսի 20-ը դրանք կավարտվեն: Մենք ամենօրյա ստուգումների եւ ուսումնասիրությունների մեջ ենք, աշխատանքի ծավալները մեծ են, մեր տեսուչների թիվը բավարար է դրանց համար: Վերջում կկազմվի ստուգման, մեր կողմից արձանագրված խախտումների, եւ այլ լաբորատոր ստուգումների արձանագրություն, որը կտրվի տնտեսվարող սուբյեկտին, կազմակերպվելու է վարչական վարույթի քննարկում, եւ այդ ամենի մասին կտեղեկացվի հանրությանը:

– Հնարավո՞ր է, որ տնտեսվարող սուբյեկտը մինչեւ ստուգումները թաքցներ այն սարքավորումները, որոնցով հավերին «վերակենդանացնում են», կամ կեղծված ու ապօրինի ապրանքը: Այսինքն՝ թաքցնեն իրավախախտումների իրեղեն ապացույցները:

– Խնդիրը պահի ստուգումը չէ: Ստուգման արդյունքում նման իրավախախտում հայտնաբերելը դեռ չի նշանակում, որ այդ խախտումը էլ չի կրկնվի: Դրա համար խնդիրը պետք է համակարգային լուծում ստանա, որպեսզի նման իրավախախտում անելը լինի անհնար: Այս ստուգման ժամանակահատվածի ստուգումը հնարավորություն չի տալիս կոծկելու իրավախախտումները: Ես կասեի՝ ստուգումը որքան կարճ ժամկետում իրականացվեց, այնքան կասկածելի է այդ ստուգման պրոֆեսիոնալությունը: Խնդիրը գլոբալ եւ համակարգային ստուգումն է, եւ ոչ թե պահի: Մենք ստուգում ենք անցած տարվա հուլիսի մեկից թռչնաֆաբրիկայի բոլոր գործողությունները:

– Այս աշխատանքներն իրականացնելու ժամանակ հանդիպո՞ւմ եք խոչընդոտների:

– Աշխատողի համար խոչընդոտները չեն կարող էական լինել, թե աշխատանք կատարելու ցանկություն կա: Մենք նման ստուգումներ, կապված ներմուծվող հավի մսի հետ, պարբերաբար ենք իրականացնում՝ կառավարության կողմից սահմանված որոշման հիման վրա: Հստակ ամրագրված են այն դեպքերը, երբ տվյալ ապրանքը ներմուծելիս իրականացվում է ոչ միայն փաստաթղթային, այլեւ լաբորատոր փորձաքննություն:

– Եղե՞լ են դեպքեր, որ ներկրվող թռչնամիսը չի համապատասխանել սննդի անվտանգության չափանիշներին:

– Թչնի մսի հետ կապված՝ չի եղել:

– Իսկ այն տարածված կարծիքը, որ Հայաստան են ներկրվում անհայտ արտադրության, անհայտ որակի եւ ժամկետի հավ եւ ձու, ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ձվի հետ կապված դա բացառվում է, քանի որ ցանկացած ձու, որ ներկրվում է Հայաստան, ենթարկվում է փորձաքննության, եւ ծառայության աշխատակիցները հետեւողական են ձվի մակնշման պահանջների կատարման հարցում:

Հավի մսի հետ կապված՝ ներկրվող հավի փաթեթավորման վրա պարտադիր առկա է մակնշում, թե որտեղ եւ երբ է արտադրվել, ինչ է պարունակում եւ այլն: Նման մակնշում չլինելու դեպքում տվյալ ապրանքը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, որից հետո միայն կարող է ներկրվել կամ՝ ոչ:

ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Հ. Գ. Հաջորդ համարում կարդացեք Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի հարցազրույցը՝ «Առավոտի» հետ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829