Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով «Երկիր-մեդիա»-ի հարցին՝ վստահո՞ւմ եք Ձեր կոալիցիոն գործընկերներին եւ համոզվա՞ծ եք, որ նրանք Ձեզ չեն «քցի», ինչպես գրում են որոշ վերլուծաբաններ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Այո, ես վստահում եմ իմ կոալիցիոն գործընկերներին, բայց գիտե՞ք ինչ կա, ամեն կուսակցություն ինքը պետք է իր պայքարով իր քվեները հավաքի, մենք մեր հույսը մեզ վրա ենք դնում, եւ, ընդհանրապես, ամբողջ մեր քաղաքական կենսագրության ընթացքում մենք մեր հույսը մեզ վրա ենք դրել, մենք պետք է աշխատենք, մեր գործընկերների հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, հանրապետության նախագահի հետ, որպես ՀՀԿ նախագահ, ունենք շատ լավ հարաբերություններ, երեք կոալիցիոն կուսակցությունների ղեկավարների վերջին հանդիպումները անցել են լիակատար փոխըմբռնման պայմաններում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գերակա համարել երկրի շահը, այսինքն՝ կազմակերպել նորմալ ընտրություններ»: Արթուր Բաղդասարյանը՝ ասելով, թե շատ է խոսվում «Մարտի 1-ի» մասին, հարկ համարեց մեկ արձանագրում ներկայացնել. «Ժողովրդի եւ ամբոխի միջեւ կա մի մեծ տարբերություն. ժողովուրդը ունի առաջնորդ, ամբոխը չունի առաջնորդ, տեսեք, թե ինչ տեղի ունեցավ Եգիպտոսում: Այն, ինչ տեղի ունեցավ մարտի 1-ին, ո՞վ էր այդ ժողովրդին տեր կանգնել, էդ մի քանի հազար հոգին մնացել էր Նիկոլ Փաշինյանի հույսի՞ն, բայց չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը չէր էդ շարժման առաջնորդը, նա ակտիվ աջակիցն էր այդ շարժման:
Չի եղել, որ ես միտինգներ անեմ օպերայի մոտ կամ Մատենադարանում ու միտինգի չգնամ, չի լինում նման բան: Կարող է գնալ իմ կուսակցությունից ցանկացածը, բայց նա երբեք իմ փոխարեն չի կարող իմ հրավիրած ժողովրդին տեր կանգնել: Սա էլ եմ ես ուզում արձանագրել: Մեզ վրա շատ քարեր նետեցին էս չորս տարում, շատ քարեր, եւ հիմա եկել է այդ քարերը հավաքելու եւ, անհրաժեշտության դեպքում, անհրաժեշտ ուղղությամբ նետելու ժամանակը: Ոչ մի անգամ դուք ՕԵԿ-ից չեք կարող տեսնել, որ մենք ուրիշին փնովելով փորձել ենք միավորներ վաստակել. նման բան մենք չենք արել»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Արթուր Բաղդասարյանը վստա՞հ է, որ իր կուսակցությունը այս անգամ եւս բավարար քվեներ կստանա եւ կհայտնվի խորհրդարանում: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը համոզված էր. «Այո, մենք վստահ ենք, եւ դրանում դուք կհամոզվեք ընդամենը երկու ամիս անց: Իմ, իմ թիմի հասցեին ի՞նչ մեղադրանք է հնչել՝ ինչո՞ւ Արթուր Բաղդասարյանը չմիացավ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Պատասխան՝ իսկ ինչո՞ւ պետք է միանայի Լեւոն Տեր-Պետրոսյանին, մի գործչի, որը նախագահական ընտրությունների քարոզարշավից առաջ եւ ընթացքում անվանարկում էր ինձ եւ իմ թիմին՝ ընդհուպ ինձ անվանելով ազգի դավաճան: Ես Ձեզ հիմա անվանեմ ազգի դավաճան՝ դուք ինձ հետ կգա՞ք համագործակցելու»:
«Առավոտ» օրաթերթ