Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս $80 միլիոն

Փետրվար 16,2012 12:51

Համաշխարհային բանկը ՀՀ կառավարությանը 80 միլիոն դոլար է տվել՝ համայնքները տնտեսապես եւ սոցիալապես զարգացնելու համար: Ընդ որում, հաշվի առեք, դա վարկ է: Այդ փողը, այսինքն, մեզ չեն նվիրում՝ տալիս են պարտքով: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ այդ կլորիկ գումարը տրվում է «երրորդ գործառնություն ծրագրի շրջանակներում», ինչից կարելի է եզրակացնել, որ երկու անգամ նման գումար արդեն իսկ տրվել է: Գուցե Համաշխարհային բանկին դա առանձնապես չի հետաքրքրում, բայց մեզ՝ քաղաքացիներիս, որոնց երեխաներն ու թոռները պիտի փակեն այդ պարտքը, պիտի հուզի՝ այդ ո՞ր համայնքն է տնտեսապես եւ սոցիալապես զարգացել այդ վարկերի միջոցով: Գուցե օգնությունը զուտ տեխնիկական է՝ գալիս են արտասահմանցի մասնագետները, բացատրում են մեր գյուղացիներին, թե ինչպես է պետք կով կթել, ստանում են այդ խորհրդի համար, ասենք, 10 հազար դոլար աշխատավարձ ու վերադառնում են իրենց երկիրը: Բայց մենք կարծես թե այդ գործի տեղացի մասնագետներ էլ ունենք՝ սկսած վարչապետից: Կամ գուցե այդ փողերով կառուցվում է գյուղի ճանապարհը, հետո գալիս են անձրեւն ու ձյունը, եւ այդ ճանապարհը նորից հայտնվում է անմխիթար վիճակում: Համենայնդեպս, պարտք տվողը՝ բանկը, չպիտի առանձնապես մտահոգվի իր փողերի ճակատագրով, որովհետեւ սահմանված ժամկետում հետ կստանա իր գումարը եւ տոկոսները, դա պարտք վերցնողի խնդիրն է:

Ո՞վ պիտի հետեւի, թե ինչպես, ինչի համար է կառավարությունը վարկ վերցնում եւ ինչպես է այն ծախսվում: Իհարկե, Ազգային ժողովը: Եթե երեկ ֆինանսների նախարարության եւ Համաշխարհային բանկի ստորագրած համաձայնագիրը խորհրդարան բերվի հաստատման այս երեք ամիսների ընթացքում, ապա, շատ հնարավոր է, դրա շուրջ բուռն քննարկում է սկսվելու, եւ պատգամավորները, կուրծք ծեծելով, բոցաշունչ ժողովրդահաճո ելույթներ են ունենալու: Բայց, ամենայն հավանականությամբ, այդ համաձայնագիրը բերվելու է արդեն հաջորդ Ազգային ժողովի կազմի հաստատմանը, եւ այդ դեպքում որեւէ խնդիր չի առաջանա՝ նիստերի դահլիճում նստած կլինեն իրենց նպատակներին հասած մարդիկ:

Նախընտրական շրջանում, վստահ եմ, շատ է խոսվելու միջազգային կազմակերպություններից վարկեր վերցնելու եւ դրանք անարդյունավետ օգտագործելու մասին: Դյուրահավատ ընտրողը այդ ճառերից գուցեեւ ազդվի եւ բացականչի՝ «վայ, էդ ինչ են անում, արի կլինի՝ ես ընտրեմ այս քննադատական ելույթ ունեցող ազնիվ տղերքին՝ նրանք փողերը քամուն չեն տալու»: Բայց մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, որոնք ոչ մեկին չեն հավատում, հետաքրքրում է ավելի կոնկրետ հարց: Թող հարգարժան կառավարությունը ցույց տա որեւէ գյուղ, որտեղ ՀԲ-ի փողերով սարքած գազատարի, ջրատարի կամ վերանորոգված դպրոցի շնորհիվ արտագաղթը այդ գյուղում կանգ է առել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829