www.aravot.am կայքի միջոցով Ձեզ եմ դիմում բաց նամակով, քանի որ այժմ Հայաստանի Հանրապետությունում չեմ գտնվում, սակայն խնդիրը հրատապ է և վերաբերում է անձին ապօրինաբար անազատության մեջ պահելուն:
Իմ պաշտպանյալ Սիլվա Ասատրյանը, որն այժմ պահվում է Աբովյան ՔԿՀ-ում, քրեական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, որի համար պատիժ է նշանակվել ազատազրկում 8 տարի ժամկետով և 38-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով՝ 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Սիլվա Ասատրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 9 տարի ժամկետով:
2011թ. մայիսի 26-ին ընդունված համաներման ակտը Սիլվա Ասատրյանի նկատմամբ ճիշտ կիրառվելու դեպքում առնվազն 12.02.2012թ-ին նա պետք է ազատ արձակվեր, սակայն պարզեցի, որ Սիլվա Ասատրյանը ազատ չի արձակվել և մինչ օրս պահվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Կարդացեք նաև
Ինչպես նշեցի, Սիլվա Ասատրյանին մեղսագրված արարքներից մեկի համար պատիժ է սահմանվել ազատազրկում 8 տարի, մյուսի համար 2 տարի ժամկետով և գումարելով, վերջնական պատիժ է սահմանվել 9 տարի:
Համաներման ակտի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սիլվա Ասատրյանը պետք է ազատվեր այն արարքի համար պատժի կրումից, որի համար 2 տարվա ազատազրկում է սահմանվել, իսկ 8-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ 8 տարվա ազատազրկումից պետք է կրճատվեր պատժի չկրած մասի ¼-ը:
Ի՞նչ պետք է անեին մեր համաներում կիրառողները, պետք է ութ տարվա պատժաժամկետը գերազանցող մասից, այսինքն 1 տարվա պատժից Սիլվա Ասատրյանին ազատեին, իսկ մնացած ժամկետն էլ կրճատեին ¼-ով: Սակայն այդպես չեն վարվել և ընդամենը 9 տարվա ազատազրկման չկրած մասն են կրճատել ¼-ով, այսինքն կիրառել են միայն համաներման ակտի 8-րդ կետի 4-րդ ենթակետը, չկիրառելով՝ 1-ին մասի 1-ին կետը և թեթև՝ ՀՀ քր. օր-ի 38-185 հոդվածով նախատեսված արարքի համար նախատեսված պատժաժամկետից ազատելու փոխարեն դրա նկատմամբ էլ են կիրառել ¼-ից ազատում, որը առանձնապես ծանր արարքի համար է նախատեսված:
Ի դեպ, եթե համաներումը Սիլվա Ասատրյանի նկատմամբ ճիշտ կիրառվեր, ապա նա առնվազն 12.02.2012թ-ին պետք է ազատ արձակվեր, ինչը տեղի չի ունեցել և ինչը պարզեցի, գտնվելով Հանրապետությունից դուրս:
Սույնով խնդրում եմ Ձեր միջամտությունը Սիլվա Ասատրյանի նկատմամբ կիրառվող խտրական վերաբերմունքը դադարեցնելու, նրա նկատմամբ համաներման ակտը ճիշտ կիրառելու և ազատ արձակելու հարցում:
Հարգանքով՝ փաստաբան Կարեն ՄԵԺԼՈՒՄՅԱՆ