Երեկվա լսումներում ուրվագծվել է մի՝ գուցե թաքնված մտադրություն, որն իրենց ելույթներում արտահայտել են հիմնականում ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները։ Նրանք դեռեւս որպես «անհատական կարծիքներ»՝ առաջարկում են ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը ներկայացնել համաժողովրդական քննարկման՝ հանրաքվեի՝ իբրեւ թե հնարավորություն տալով, որ հասարակությունն ինքը որոշի, թե ինչպիսի խորհրդարան է ուզում ունենալ։ Սա, որքան ծիծաղելի, նույնքան էլ վտանգավոր մտադրություն է. եթե իշխանությունը կարողացավ առաջիկա ԱԺ ընտրություններում «մաքուր կեղծարարության» միջոցով ստանալ իր համար ցանկալի հարաբերակցությունը, ապա նույն մեթոդով որոշ ժամանակ անց կարող է «կազմակերպել» հանրաքվեի արդյունքներն այն մասին, որ հայ ժողովուրդն իր փրկությունը տեսնում է ոչ թե՝ 41, այլ, ասենք՝ 61 կամ ավելի մեծամասնական պատգամավորներ ունենալու մեջ։
Ի դեպ, երեկվա լսումներում մասնավորապես ԲՀԿ-ի հնչեցրած դիրքորոշումից կարելի է եզրակացնել, որ ներիշխանական խմորումների վերջին փուլն ավարտվել է հերթական «կոալիցիոն հաշտեցմամբ»: ԲՀԿ-ն, որը մինչեւ երեկ հայտարարում էր 100 տոկոսանոց համամասնական համակարգին անցնելու նախաձեռնությանը սկզբունքորեն կողմ լինելու մասին (նաեւ դրա շնորհիվ ծնվեց հայտնի «կոնսենսուս-1» ձեւակերպումը), երեկ արդեն փոխել է դիրքորոշումը՝ խոսելով հանրաքվեի մասին:
«168 ժամ»