Մախաչկալայի «Անժին» ծանր կացության մեջ է գցել Մադրիդի «Ռեալին»:
Կրիշտիանու Ռոնալդուն, տեղեկանալով, որ ինքն այլեւս աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը չէ, կորցրել է իրեն: Մադրիդում նրա 13 միլիոն եվրո տարեկան աշխատավարձն այլեւս ոչինչ է Մախաչկալայում Էտո` Օի 20 միլիոն եվրոյի դիմաց: Սակայն, ինչպես գրում է իսպանական «Sport»-ը, պորտուգալացու եւ «Ռեալի» միջեւ կնքված պայմանագրում մի կետ կա, ըստ որի Կրիշտիանուն պետք է լինի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում: Հետեւաբար, համաձայն շրջանառվող լուրերի, Ռոնալդուն այժմ ակումբից պահանջում է վերահաստատել ստատուս քվոն:
Եթե դա իրոք այդպես է, ապա արքայական ակումբը ծանր վիճակում է հայտնվել, քանի որ մի կողմից՝ ի վիճակի չէ գերազանցել «Անժիի» սեփականատեր Սուլեյման Քերիմովի ֆինանսական հնարավորությունները, մյուս կողմից՝ առանց իր լավագույն ռմբարկուի էլ յոլա գնալ չի կարող: Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ռեալի» կազմում այս մրցաշրջանում անցկացրած 22 խաղում խփել է 27 գոլ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ