Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Policy Forum Armenia-ն անողոք գնահատականներ է տվել ՀՀ իշխանություններին եւ կառավարման համակարգին

Փետրվար 16,2012 02:46

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 13-ին Policy Forum Armenia (PFA)-ն հրապարակեց իր «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» խորագրով հատուկ զեկույցը։

Այն չափազանց սուր եւ, կարելի է ասել, տագնապալից նոտաներ է պարունակում: Մասնավորապես, նախաբանում գրված է. «Հայաստանը սկսում է դասական վճարային հաշվեկշռի ճգնաժամի (balance-of-payments crisis) նշաններ ցույց տալ։ Փոխարժեքի փաստացի ֆիքսված լինելը և վարվող կառուցվածքային քաղաքականությունը հանգեցնում են զգալի արտաքին անհավասարակշռության, որը ի վերջո կբերի փոխարժեքի կտրուկ արժեզրկման՝ լուրջ հետևանքների առաջ կանգնեցնելով բավականին խոցելի բանկային համակարգը և բացասաբար անդրադառնալով արդեն իսկ բարձր պետական պարտքի մակարդակի վրա»։

Ըստ զեկույցի հեղինակների` «զեկույցի ուշադրության կենտրոնում են ներքին խնդիրները, որոնց մեծամասնությունը ավելի շուտ քաղաքական կամքի հարթությունից է, քան կապված է ռեսուրսների պակասի կամ անբարենպաստ աշխարհագրության հետ», ապա նշվում է, որ «տնտեսությունը չի ենթարկվել արտաքին ճշտման 2007-2008-ի ճգնաժամից հետո, և բավարար փաստարկներ կան՝ սպասելու նորանոր դժվարությունների, որոնք կուժգնանան Եվրոպայում կատարվող իրադարձությունների պատճառով»:

Ապա խորհուրդ է տրվում` «Երկրի քաղաքական ղեկավարությունը պետք է ամբողջապես յուրացնի այս խնդիրները և հրատապ կերպով զբաղվի դրանք լուծելով»։

Զեկույցի լեզուն խիստ է, երբեմն թերեւս` ոչ պաշտոնական: Մասնավորապես գրված է. «Կլանային կապիտալիզմի բաղադրիչները, երբ փոքր թվով անհատներ ունեն անհամամասնորեն մեծ իշխանություն և տնտեսական որոշումների կայացման վրա մեծ ազդեցություն, առավել են ուժեղացվել, ինչը արվել է աճի, առողջության, կրթության և ազգային անվտանգության հաշվին։ Սա ոչ միայն անբարոյական է, այլև անօրինական և պետք է փոխվի»։

Որպես ելք առաջարկվում է. «Երկրին սպառնացող մարտահրավերներին արդյունավետ դիմակայումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանությունների ձևավորմամբ, որոնք կկարողանան Հայաստանի ժողովրդի անունից վերահսկել նոր քաղաքական կուրսը»: «Ստեղծված իրավիճակը պահանջում է իսկական ազգային միասնության կառավարություն, որն ի հայտ կբերի իրագործելի օրակարգ և այն կյանքի կոչելու համար կներգրավի Հայաստանի և Սփյուռքի բոլոր կառուցողական ուժերին»,-գրված է զեկույցում:

Սակայն անդրադառնանք զեկույցի տնտեսական մասին: ՀՀ տնտեսության, կարելի է ասել, անհույս եւ աղետալի վիճակի նկարագրություններից հետո, այստեղ բերվում են մի շարք առաջարկներ, մասնավորապես հետեւյալը. «Կառավարությունը պետք է անհապաղ շրջանառության մեջ դնի ազգային ծրագիր, որը վերջ կդնի սոցիալական դժվարություններին և տնտեսությունը կուղղորդի խելամիտ աճի ճանապարհով: Նախապայմանները ներառում են, ամենագլխավորը՝ վստահելի պլան մշակել ապրանքների և ծառայությունների արտադրության և ներմուծման շուկաներից մենաշնորհների վերացման համար, սահմանել բոլոր ձեռնարկատերերի համար հավասար խաղի պայմաններ և նվազեցնել օլիգարխների առնչությունը տնտեսական քաղաքականության մշակման գործընթացին: Ծրագիրը պետք է լուծի նաև հետևյալ խնդիրները՝ հարկահավաքման խնդիրները, որը հնարավորություն կընձեռի բյուջեի ծախսերը ուղղել սոցիալական ապահովության համակարգի, պետական ներդրումների, կրթության և առողջապահության վրա, ֆինանսական համակարգի անկատարությունները, որը կնվազեցնի տոկոսադրույքները (վարկավորման) և կաշառակերությունն և ադմինիստրատիվ հետապնդումները»:

Սրան հետեւում է մի կարեւոր նկատառում. «Վերը նշված միջոցառումների արդյունավետ իրականացման համար կառավարության ամբողջական վերակազմավորում է անհրաժեշտ: Ներկայիս կառավարությունը՝ որպես ամբողջություն, զուրկ է տեսլականից, կարողությունններից և տոկունությունից վերը նշված անհանգստությունները վերացնելու համար»:

Զեկույցի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար դիմել ենք որոշ պատկան մարմինների եւ տնտեսագետների: Նրանց մեկնաբանություններին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829