Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետը հանդիպել է պատգամավորների եւ ակտիվիստների հետ

Փետրվար 15,2012 20:55

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի խնդրանքով ընդունել է Գլխավոր պողոտայի Մաշտոցի պողոտա- Եզնիկ Կողբացի հատվածում` պուրակին հարակից ոչ կանաչ գոտում  տեղադրվող ժամանակավոր շինությունների դեմ բողոքող հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է  նաև բնապահպան Կարինե Դանիելյանը: Նախքան քննարկումը Երևանի քաղաքապետը նախ ողջունել է նախաձեռնության անդամների ակտիվությունը` ընդգծելով , որ մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման և ընդլայնման հարցում առաջին հերթին շահագրգռված է հենց քաղաքային իշխանությունը:

«Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է և այդ մասին ես բազմիցս եմ հայտարարել . կանաչ տարածքների հաշվին որևէ կառուցապատում չի լինելու: Ավելին, Երևանի քաղաքապետարանն այսօր բնապահպանական ուղղվածության մի շարք ծրագրեր ունի, որոնց նպատակը ոչ միայն կանաչ գոտիների պահպանումն է, այլև դրանց ընդլայնումը»– նշել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետեւ, անդրադառնալով վերոնշյալ տարածքի քաղաքաշինական լուծումներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ի տարբերություն  Աբովյան փողոցի արդեն ապամոնտաժված շինությունների, որոնք ունեին սեփականության իրավունք , տվյալ սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում, նոր տարածքում ժամանակավոր կառույցները տրամադրվել են վարձակալության իրավունքով: Միաժամանակ, տնտեսվարող սուբյեկտները պարտավորվել են բարեկարգել, խնամել և պատշաճ վիճակում պահել հարակից տարածքները:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ Ավան վարչական շրջանում Տարոն Մարգարյանի սկզբունքային ու հետևողական կառավարման դրական փորձը հույս է ներշնչում, որ դրական փոփոխություններ կլինեն նաև ամբողջ մայրաքաղաքում:

«Ես կողմնակից եմ հանրային համախոհությանը, եւ, հաշվի առնելով հասարակության շրջանում  մեր քաղաքապետի ունեցած բարձր վարկանիշը, կարծում եմ, որ այս հարցը նույնպես համակողմանի քննարկման արդյունքում դրական լուծում կստանա»,- նշել է Լիլիթ Գալստյանը:

Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ նոր ձևավորվող քաղաքաշինական խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև հասարակական և երիտասարդական կազմակերպություններ, իր հերթին կնպաստի հանրային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական բոլոր նախագծերի համակողմանի քննարկմանն ու որոշումների կայացմանը: Օգտվելով առիթից, քաղաքապետը նաև նշել է, որ որպես խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ առաջարկելու է բնապահպան Կարինե Դանիելյանի  թեկնածությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունները վճռական են ոչ միայն կանաչ տարածքների պահպանման ու ընդլայնման,  այլ նաև հնի և նորի համադրմամբ Երևանի քաղաքակիրթ արտաքին տեսքի ապահովման հարցում: Այս համատեքստում է դիտարկվում նաև քննարկվող տարածքը, որն ըստ էության «Հին Երևան» ծրագրի բաղկացուցիչ մասն է: Նկատի ունենալով այս հանգամանքը ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առաջարկել է կազմակերպել հանդիպում և  շահագրգիռ կողմերին հանգամանորեն ներկայացնել «Հին Երևան» ծրագիրը:

Նախօրեին ձեռքբերված պայմանավորվածության  համապատասխան, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Լիլիթ Գալստյանի և Անահիտ Բախշյանի, ինչպես նաև հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների հետ՝ ապահովելով շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությունը: Նարեկ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է «Հին Երևան» ծրագիրը և մեկ անգամ ևս պարզաբանել, որ քննարկվող  հատվածում կանաչապատումն ու այդ տարածքում ժամանակավոր շինությունների տեղադրումն իրականացվում են հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի համապատասխան:

Նախորդ օրը քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների բարձրացրած հարցի առնչությամբ Նարկ Սարգսյանը նշել է, որ կատարած տեղազննման արդյունքում հարցի վերաբերյալ քաղաքապետի կողմից համապատասխան հանձնարարական է տրվել։

Երևանի գլխավոր ճարտարապետը նաև շեշտել է, որ քննարկվող տարածքը «Հին Երևան» ծրագրի անմիջական ազդեցության գոտում է և վստահեցրել է, որ «Հին Երևան»-ը սպասարկող այդ հատվածը հանրային օգտագործման տարածք է, և դրա սեփականության իրավունքը միայն Երևան համայնքինն է:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

                             հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829