ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, անդրադառնալով դիտարկումներին, թե ընդդիմությունն ընտրություններից առաջ ուրիշ թեմա չի գտել եւ չի խոսում ժողովրդի վատ վիճակի, գնաճի մասին, նշել է. «Դա նենգություն է, մենք այսքան տարի է` խոսում ենք այլանդակ տնտեսական քաղաքական վիճակի մասին, դա իրենք չեն նկատում, հիմա հանկարծ անդրադարձանք, մտածեցին էս ի՞նչ է ուրիշ թեմա ե՞ք ձեռք տալիս»:
Անդրադառնալով պնդումներին, թե մեծամասնական ընտրակարգն ապահովում է ընտրողի եւ պատգամավորի միջեւ կապը` Վահան Հովհաննիսյանն ասաց, որ ինքն ուսումնասիրել եւ պարզել է, թե մեծամասնականով ընտրված պատգամավորներից ով որտեղ է ապրում եւ քանի անգամ է եղել այն ընտրատարածքում, որտեղից ընտրվել է:
«Բացի մի քանի հոգուց, իրենց մարզերում ու ընտրատարածքներում, որտեղից իբր ընտրվել են, ոչ ոք չի ապրում: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեծամասնականով ընտրված մարդը միշտ այնքան փող ունի, որ Երևանում մեկ կամ երկու բնակարան կամ առանձնատուն կունենա, բայց մարդիկ կան, որ ընդհանրապես իրենց ընտրատարածքներում չեն երևացել: Այդ տեղամասերում չգիտեն իրենց պատգամավորն ով է, որովհետև ինքը ոչ միայն այնտեղի բնակիչ չէ, ինքն այնտեղ չի էլ երևացել: Լավ, այստեղ չեն մոտենում ամբիոնին, ծպտուն չեն հանում, լավ էլ անում են, պատկերացնում եք` խոսեին էլ, բայց այլ խնդիր կա, գոնե այդ փաստարկները մի’ բերեք»,- ասաց նա: