ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական քոլեջում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենները և ՄԿՈՒ ոլորտի ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2012 թվականի անելիքներն ու գերակայությունները, ոլորտում նախատեսվող փոխությունները: ՀՀ ԿԳ նախարարը, անդրադառնալով ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումներին, նշել է, որ մասնագիտական կրթության զարգացումը պետության գերակայություններից է և այդ հանգամանքով պայմանավորված 2012 թվականից նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում պետական պատվերի տեղերը կավելանան 50 տոկոսով: «Դա չի նշանակում, որ բոլոր մասնագիտությունների համար 50 տոկոսով պետպատվերի մեխանիկական ավելացում է լինելու: Պետպատվերը բաշխվելու է ըստ պետության գերակայությունների` հաշվի առնելով աշխատաշուկայի և տնտեսության պահանջարկը: Ուզում եմ հատուկ նշել, որ մարզային ուսումնական հաստատություններին առաջնահերթություն է տրվելու»,- պարզաբանել է նախարարը և հավելել, որ պետության միջոցներով արդյունավետ կրթություն կազմակերպելու տեսանկյունից մասնագիտությունների ճիշտ ընտրությունը չափազանց կարևոր է:
Անցյալ տարվանից նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելության քննությունները ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հանվել են: Ա.Աշոտյանն այս նորամուծությունը գնահատել է դրական և նշել, որ նույն մոտեցումը պահպանվելու է նաև այս տարի: Նախարարն հանձնարարել է, որ դիմորդների համար ուսումնական հաստատությունների կողմից ընդունելության հետ կապված խնդիրներ և արհեստական խոչընդոտներ չստեղծվեն: «Աշխատեք այնպես, որ ծնողների ու դիմորդների կողմից դժգոհություններ չլինեն: Նկատի ունեցեք ցանկացած դժգոհություն, «Թեժ գծի» կամ սոցիալական ցանցի ահազանգ ուսումնասիրվելու է, և եթե այն հիմնավոր է, ապա մոտեցումը կտրուկ է լինելու»,- նշել է Արմեն Աշոտյանն ու հավելել, որ նախարարությունը որդեգրել է հանրային առողջ կարծիք ձևավորելու և այդ կարծիքի հետ հաշվի նստելու քաղաքականություն:
Անդրադառնալով բովանդակային բարեփոխումներին` նախարար Ա. աշոտյանը նշել է, որ նախարարության կողմից խստացվելու է վերահսկողությունը միջին մասնագիտական հաստատությունների ուսումնական կարգապահության նկատմամբ: Նախարարն հավելել է, որ քոլեջների և ուսումնարանների շրջանավարտները բուհերի ընդունելության քննություններն հանձնելու են միասնական համարգով` ԳԹԿ-ում:
Նկատի առնելով, որ առաջիկայում մեր երկրում համապետական ընտրություններ են լինելու` ԿԳ նախարարը կրկնել է իր մինչ այդ հրապարակավ արած հայտարարությունը` կրթական հաստատությունները զերծ պահել քաղաքական գործընթացներից: «Ուսումնական հաստատություններում արգելվում է ցանկացած քաղաքական գործընթաց և քարոզչություն»,– շեշտել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են քոլեջների և ուսումնարանների ֆինասավորմանը, միջին մասնագիտական կրթական համակարգից բուհ անցմանը և այլ խնդիրների:
www.edu.am