«Մարմնի մաշկի որոշ գոտիների ու ներքին օրգանների միջեւ գոյություն ունի ներքին կապ. որն անվանվում է ռեֆլեկտոր կապ։ Ներգործության տարատեսակով պայմանավորված՝ կարելի է հասնել տարբեր բուժիչ արդյունքների: Որպես հաղորդիչ միջոց՝ այս պարագայում հանդես են գալիս նյարդերը, որոնք արձագանքում են մերսման ուզածդ ձեւին։ Այդ ազդակները նյարդերի միջոցով փոխանցվում են կենտրոնական նյարդային համակարգ եւ հետադարձ կապով՝ վեգետատիվ համակարգի միջոցով, հաղորդվում հիվանդ օրգանին։ Մերսումը բարձրացնում է մաշկի պաշտպանողական հատկությունը, նպաստում մահացած շարակցական հյուսվածքներից ձերբազատմանը, կանոնավորում քրտնագեղձերի եւ ճարպագեղձերի գործունեությունը։ Մերսման ազդեցության ներքո բարձրանում է մկանների առաձգականության եւ կրճատվելու հատկությունը, արագանում ծանր ֆիզիկական աշխատանքից հետո մկանների վերականգնման գործընթացը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասում է Կարինան, որն արդեն 10 տարի է զբաղվում է «հոգնած մարմինները» մերսելով:
Մանրամասնելով, թե ինչ օգտակար ազդեցություն ունի մերսումը` Կարինան նշեց, որ մերսման շնորհիվ բարելավվում է արյան շրջանառությունը, ակտիվանում է ավշագեղձերի աշխատանքը, վերանում են կանգային երեւույթները, այտուցները, բարձրանում է մարմնի շարժունակությունը. «Մերսումը խթանում է արյան շրջանառությունը, թեթեւացնում սրտի աշխատանքը, բարելավում անոթների առաձգականությունը։ Գլուխը, պարանոցը, ուսամկանները մերսելով՝ կարելի է բարձրացնել զարկերակային ճնշումը եւ հակառակը՝ ներազդելով գոտկատեղին եւ ոտքերի հատվածին՝ հնարավոր է իջեցնել զարկերակային գերճնշումը։ Մերսման միջոցով բարելավվում է բրոնխների ու թոքերի աշխատանքը: Օրինակ, որովայնի մերսման պարագայում ակտիվանում է աղիների կծկողունակությունը եւ բարելավվում մարսողությունը։ Ի դեպ նշեմ, որ հայերի շրջանում ամենաընդունված ու կարելի է ասել՝ ամենասիրված մերսումը որովայնի մերսումն է: Հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ են գալիս մերսման, միանգամից ուզում են որովայնը մերսել»,- նշեց Կարինան հավելելվ, որ մեզանում ընդունված է համարել, որ մերսման գնում են միայն բուժիչ նկատակներով, սակայն նրա խոսքերով ցանկացած առողջ մարդ ժամանակ առ ժամանակ պետք է վերականգնողական մերսման կուրս անցնի, ավելի թեթեւ ու հանգիստ լինելու համար: Մեր զրուցակցի ձեւակերպմամբ՝ «Մերսման տարբեր հնարքների օգնությամբ՝ շփում, շոյում եւ այլն, կարելի է հասնել մարմնի լարվածու թյան թուլացմանը, ջերմացմանը»։
Ինչ վերաբերվում է էրոտիկ մերսմանը՝ ապա ըստ մեր զրուցակցի դա արդեն այլ բան է. «էրոտիկ մերսումը ոչ միայն մերսում է, այլեւ խթանում է սեքսուալ գրգռմանը: ես ինքս էրոտիկ մերսմամբ չեմ զբաղվում. չնայած ոմանք պնդում են թե իրականում էրոտիկ մերսում ասվածը գոյություն չունի ու դա խիստ անհատական է: Այսինքն՝ զուգընկերները մերկ, կամ կիսամերկ, իրենք իրենց մերսելով, խաղալով միմյանց մարմինների, էրոգեն գոտիների հետ, «ստացել»են էրոտիկ մերսում ասվածը, բայց իրականում գոյություն ունեն պրոֆեսիոնալ էրոտիկ մերսման տեսակներ, որոնց կարծում եմ Հայաստանում դեռ տիրապետողներ չկան»: