Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը հնարավոր է՝ բողոքարկի ընտրությունների արդյունքները

Փետրվար 15,2012 17:51

«Բացարձակ սուտ է եւ հերյուրանք: Ադիբեկյանն ինչպես որ միշտ է սուտ ասել, հիմա էլ է ստում»,-Aravot.am-ին ասաց Սասուն Միքայելյանի շտաբի պետ Հակոբ Ավագումյանը՝ ի պատասխան սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի այն հայտարարության, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ընթացքում երկու թեկնածուներն էլ բաժանել են ընտրակաշառք, և հենց այդ պատճառով Սասուն Միքայելյանը չի բողոքարկում ընտրությունների արդյունքները: «Գործող քաղաքապետը կոնտր փաստեր ունի նրա դեմ: Ամեն ինչ ձայնագրված ու տեսագրված է, թե ինչպես են լցնում, գնում և այլն: Այսինքն՝ երկու թեկնածուները իրար դեմ կոմպրոմատներ ունեն»,- մամուլի ասուլիսում հայտարարել էր Ադիբեկյանը: Նա նաեւ համոզված է, որ ընտրակաշառքը չէր կարող ազդել ընտրությունների ելքի վրա, քանի որ թեկնածուների ստացած ձայների տարբերությունը մեծ է` 10%. «Գնված ձայների տոկոսը չի գերազանցում 5-6%-ը, ինչը չի ազդում ընտրությունների ելքի վրա: Ոչ գործող քաղաքապետը, ոչ Սասուն Միքայելյանը այնքան գումար չունեն, որ կարողանային 23 հազար ձայների կեսը գնեին»:

Մինչդեռ Սասուն Միքայելյանի շտաբի պետը կարծում է, որ հիմնական գործոնը եղել է հենց ընտրակաշառքն ու հավելում. «Ընտրակաշառքը համատարած բաժանվել է Արամ Դանիելյանի կողմից, դա փաստ է, եւ ոչ ոք չի կարող դա ժխտել, Արամ Դանիելյանի մոտ էլ ոչ մի տեսաերիզ կամ ձայնաերիզ չի կարող լինել, որ մենք կաշառք ենք բաժանել»:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, ավելի քան 1500 ձայնի առավելությամբ, հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Արամ Դանիելյանը:

Անդրադառնալով Հակոբ Ավագումյանի մեղադրանքներին, թե «դրսից» 4000 մարդ է բերվել Հրազդանի գործող քաղաքապետի օգտին քվեարկելու համար, հաղթած Արամ Դանիելյանն էլ այսօր «Հայոց աշխարհ» թերթի թղթակցին ասել է. «Նման բան չէր կարող լինել, որովհետեւ ՀԱԿ-ի կարկառուն դեմքերը, Նիկոլ Փաշինյանից սկսած, մանրամասն ուսումնասիրում էին ե՛ւ ընտրողների ցուցակները, ե՛ւ անձը հաստատող փաստաթղթերը։ Պատկերացրեք` ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ինչ աղմուկ կբարձրացնեին, եթե իրականում որեւէ տեղամասում որեւէ լուրջ խախտում արձանագրվեր։ Երեւի հիասթափված են, որ տեղամասերում լցոնումների, բռնությունների դեպքեր չեն եղել, դրա համար էլ խոսում են «անտեսանելի» կեղծիքների մասին»։

Aravot.am-ի  խնդրանքով անդրադառնալով այս տեսակետին էլ, Հակոբ Ավագումյանն ասաց. «Հարցն այն է, որ դա այնքան կազմակերպված ձեւով են անում, որ դրա հայտնաբերելը շատ դժվար է: Եթե մարդը գալիս է ու անձնագրով քվեարկում, ոչ ոք չի կարող նրան բան ասել: Այդ դեպքերը շատ մանրակրկիտ կազմակերպված են, որ մենք չկարողանանք հայտնաբերել»:

Պարոն Ավագումյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ էր ընտրությունների արդյունքները չբողոքարկելու մասին որոշումը, արդյոք դա շահարկումների առիթ չի՞ տալիս: «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, վերջնական ամփոփումը լինի, վերջնական որոշում կայացվի՝ մենք եռօրյա ժամկետ կունենանք ամփոփելու համար: Բայց վերջնական որոշում կայացնողը թեկնածուն է, նա էլ կորոշի՝ բողոքարկել, թե՝ ոչ»,-ասաց նա:

Որ ԸԸՀ-ի վերջնական որոշումը նախնական արդյունքներում որեւէ էական բան կփոխի` նաեւ պարոն Ավագումյանը չի սպասում, բայց հարցին՝ չի՞ բացառվում, որ Սասուն Միքայելյանը վերանայի իր որոշումը եւ բողոքարկի ընտրությունների արդյունքները, պատասխանեց. «Իհարկե՝ չի բացառվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829