Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ առաջիկա ընտրություններին ծածկադմփոց չեն անի

Փետրվար 15,2012 17:21

«Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին շատ դժվար կլինի ծածկադմփոց անել, սոցիալական կայքերի առկայության դեպքում ամեն ինչ ավելի բացահայտ է լինելու: Հասարակական  վերահսկողությունն այս ընտրություններին մեծ կլինի, իսկ դաղալություններն` ավելի բացահայտ»,- այսօր  «Սլաք»  ակումբում նման կարծիք հայտնեց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Նրա խոսքերով, հասարակության համար էլ դժվար է լինելու կողմնորոշվել` որ լրատվամիջոցին հավատալ. « Դժվարություն կունենանք ճիշտը սխալից, սուտը ճշտից տարբերակելու գործում: Այս առումով ընտրությունները  կլինեն բարդ ու հետաքրքրական, նույնիսկ` օգտակար»:

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն էլ, համաձայնելով,  որ այս ընտրությունների ընթացքում ծածկադմփոցներ չեն լինի, ասաց, որ հաղթելու է արդար միտքը. «Ես հուսով եմ , որ արդար միտքը կհաղթի, ու նրանք, ովքեր հետեւելու են ընտրություններին, ոչ թե գործարք կկնքեն կուսակցությունների հետ, այլ արդար կլինեն իրենց խղճի առաջ: Լինելու են բաց, ազատ ընտրություններ, ինչին նպաստում են հենց  էլեկտրոնային կայքերը»:

Ինչ վերաբերում է լրագրողների ԱԺ պատգամավոր դառնալու որոշումներին, պարոն Տեր-Գուլանյանն ասաց, որ դա նորմալ է ու օգտակար. «Ինչու՞ մեր խորհրդարանում նստեն միայն այն մարդիկ, որոնք օրենսդրության հետ կապ չեն ունեցել, չունեն ու չեն էլ ունենալու: Չի կարելի թույլ տալ, որ երկրում թե փողը, թե իշխանությունը նույն մարդու ձեռքին լինի, դա առաջին հերթին, վտանգավոր է պետության համար» : Նա խորհուրդ տվեց լրագրողներին ընտրությունների ժամանակ չմոռանալ բարոյականության մասին չգրված օրենքը ու խուսափել պատվիրված հոդվածներ գրելու գայթակղությունից: Իսկ պարոն Ավետիքյանն էլ հավելեց, որ  այդ վտանգը միշտ էլ եղել է, բայց դրանից ավելի վտանգավոր բան կա. «Այստեղ ամենավտանգավորն այն կլինի, որ թաքուն, տակից գործունեություն ծավալեն: Եթե որեւէ լրագրող կամ պատգամավոր իր տեսակետները ներկայացնում է կրքոտ կամ քննադատաբար, դրանում միայն առավելություն կա, բայց եթե դրանք մախինացիաների ձեւով են կատարվում, քողարկված, դա է անընդունելի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829