Հայաստանի այսօրվա աղետալի վիճակի հիմնական պատճառը` երկրում ստեղծված արատավոր քրեաօլիգարխիկ, ավազակապետական քաղաքական համակարգն է, որը ճնշում է ժողովրդի ազատ կամքի արտահայտումը, ձեւավորելով բռնապետություն` ժողովրդավարական ֆասադով: Փետրվարի 12-ին մեր հասարակությունը ստացավ եւս մեկ ապացույց, որ իշխանությունները ոչ մի դաս չեն քաղել անցյալից եւ կրկին պատրաստ են դիմել զանվածային ապօրինությունների, աձնագրային հաշվառումների կեղծարարության, վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընտրակաշառքի բաժանման` միայն թե պահպանեն ոչ լեգիտիմ ռեժիմի կառավարումը:
Մենք եկել ենք այս լսումների, քանի որ երկիրը սպասում է արմատական լուծումների: Դրանք մեր ժողովրդին պետք է հույս տան, որ իշխանության ոչ լեգիտիմության ճգնաժամը հնարավոր է լուծել սահմանադրական եղանակով, օրինական ընտրությունների միջոցով: Բոլորը պետք է հասկանան, որ այլընտրանքը` ժողովրդի անկառավարելի ընդվզումն է եւ հեղափոխական ցնցումներով հարցը լուծելու հակվածությունը:
Արատավոր ընտրական համակարգի եւ ընտրակեղծարարության պատճառով վտանգված է երկրի զարգացումը, կատարվել է ամենավտանգավորը` ժողովրդի օտարումը իշխանությունից: Մարդիկ լքում են երկիրը ոչ այնքան ծանր սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով, այլ, նախեւառաջ, որովհետեւ դադարել են մասնակից լինել սեփական երկրի կառավարմանը եւ կառուցմանը: Իշխանությունը այսօր ընկալվում է որպես բռնազավթիչների ավազակախումբ:
Իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են ընտրական համակարգի առողջացման արմատական քայլեր: Միայն այդպես է հնարավոր վերականգնել ժողովրդի հավատը ընտրական գործընթացի վերաբերյալ, ստեղծել պետություն, որում իշխանությունը ընտրվում է, օգտվում ժողովրդի վստահությունից եւ հաշվետու է նրա առջեւ:
Կարդացեք նաև
Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2010 թվականի մարտի 15-ին ներկայացրել է ընտրական համակարգի վերափոխման մի ամբողջ փաթեթ, որի ընդունումը թույլ կտա առողջացնել ընտրական համակարգը: Փաթեթի առանցքային առաջարկներից մեկն է անցումը դեպի 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգը: Այդ առաջարկի շուրջ այսօր երկրի քաղաքական ուժերի միջեւ ձեւավորվել է աննախադեպ համաձայնություն: Այն հույս է ներշնչում, որ համատեղ ջանքերով հնարավոր է ապահովել բեկում:
Որո՞նք են մեր փաստարկները: Մեծամասնական ընտրական համակարգը Հայաստանում վերածվել է մեծագույն չարիքի: Այն իրականում դարձել է մի սիմբիոզ` տեղական օլիգարխների կամ “հեղինակություների” եւ իշխող կուսակցության միջեւ, որը գործում է հետեւյալ պարզագույն սխեմայով: Իշխանությունները հովանավորում են տեղական «հեղինակությանը»` վարչական ռեսուրսով եւ ընտրական հանձնաժողովներում կատարվող կեղծարարությամբ օգնում են ընտրվել մեծամասնական ընտրատարածքում, իսկ տեղական հեղինակությունը այդ ծառայության դիմաց ներդնում է ֆինանսական, ուժային եւ կրիմինալ ռեսուրսները` ընտրողների կաշառելու եւ ահաբեկելու նպատակով: Մեծամասնական համակարգի վերացումը կջախջախի ընտրական կոռուպցիայի այս առանցքային օղակը:
Միջազգային փորձի ուսումնասիրումը ցույց է տալիս, որ համասնական կամ մեծամասնական ընտրական համակարգերի միջեւ ընտրությունը տեսական կամ վերացական հարց չէ: Այդ համակարգերը ինքնին լավը կամ վատը չեն: Ամեն ինչ որոշվում է երկրի զարգացման եւ կոնկրետ ստեղծված վիճակի համատեքստում: Իտալիայում համամասնականից անցան մեծամասնական համակարգի ուժեղացմանը, քանի որ կոռումպացվել էին կուսակցական ապարատները: Իսկ հետո նորից հետ գնացին, որովհետեւ սկսել էին տեղերում կոռումպացման նույն երեւույթները, ինչը մենք ունենք այսօր Հայաստանում:
Այսօր բացառիկ շանս ունեք գնալու համաձայնության ճանապարհով: Մի տարեք երկիրը առճակատման: Փորձեք մեկ քայլ կատարել ընդդիմությանն ու հասարակությանն ընդառաջ: Իսկ եթե նորից համառեք, չզարմանաք հետեւանքների համար: Այսօր մենք միայն զգուշացնում ենք, իսկ որոշում եք դուք: Ճիշտ որոշում ընդունեք, քանի դեռ այդ հնարավորությունը ունեք: