Անցած կիրակի օրը` փետրվարի 12-ին, կուսակցական այցով Լոռու մարզ էր այցելել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լոռու մարզի նեղ ճանապարհներին հանրապետականների երկար չափերով ավտոբուսին եւ նրանց մեքենաներին ուղեկցել է պետավտոտեսչության մեքենան, որի միջից բարձրախոսով հնչել է ճանապարհը զիջելու հրահանգ` «աջ քաշել, կանգնել»: Մեր տեղեկություններով, այդ հրահանգին չի ենթարկվել Ալավերդի-Վանաձոր երթուղու «Ֆորդ» միկրոավտոբուսի վարորդ Կամո Դանիելյանը:
Վերջինս չի ենթարկվել պետավտոտեսուչի հրահանգին, մեքենայի ընթացքը չի կանգնեցրել, որի համար պետավտոտեսուչի կողմից տուգանվել է: Հեռախոսազրույց ունեցա Կամո Դանիելյանի հետ: Զրույցի սկզբում ներկայացա որպես լրագրող: Կամոն հաստատեց ,որ այդ երթուղում է աշխատում, երթուղին էլ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին է պատկանում: Հայտնեց, որ այդ օրն ինքն աշխատել է Ալավերդի-Վանաձոր երթուղում: Նաեւ հաստատեց, որ այդ օրը պետավտոտեսուչներն իրեն տուգանել են 3 հազար դրամի չափով: Սակայն ասաց, որ տուգանքը վարչապետի այցի հետ կապ չունի, պարզապես Ալավերդու շուկայի մոտ շրջադարձի ժամանակ իր մեքենայի թարթիչները միացրած չեն եղել, որ իր «Ֆորդը» վարչապետի ավտոշարասյան անցնելու ժամանակ կանգնած է եղել: Մեր զրույցի ժամանակ Կամոն մի քանի անգամ հարցրեց, թե ինչո՞ւ եմ դրանով հետաքրքրվում:
Ճանապարհային երթեւեկության կանոններով տուգանք չի նախատեսվում «կուսակցական երթով» շարժվող վարչապետի շարասյանը ճանապարհը չզիջելու համար: Հետաքրքիր է` պետավտոտեսուչները ծագումով ալավերդցի, Լոռու մարզպետի հայրենի քաղաքում, նրան պատկանող երթուղու վարորդին մեքենայի թարթիչները չմիացնելու համար սովորաբար տուգանո՞ւմ են:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ