Այսօր՝ փետրվարի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից «Առավոտին» հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 15։00-ի սահմաններում Երևանի Էրեբունի պողոտայի և Աթոյան փողոցի խաչմերուկում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու թողնելով անօգնական վիճակում՝ դիմել փախուստի։
Հետիոտնը միջին տարիքի կին է, որը տեղում մահացել է։
Այս պահին դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ առաջին սպայական գումարտակի աշխատակիցները և ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպեր գծով տեղակալ Արսեն Ավոյանի և Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ գործողություններ՝ պարզելու ինչպես վրաերթի ենթարկված մահացածի ինքնությունն, այնպես էլ՝ վրաերթի վայրից փախուստի դիմած վարորդին։