Այսօր «Հայացք» ակումբում ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը լրագրողներին ցույց տվեց մի ցուցակ` Հրազդանի բնակիչների ստորագրություններով: Այն, ըստ նրա, ձեռք են բերել գաղտնի ձեւով, ընդ որում` ՀՀԿ-ից: Արամ Մանուկյանի մեկնաբանությամբ, մինչ ընտրությունները համատիրության, ԲՇՏ-ի աշխատակիցները մտել են տուն առ տուն ու ստորագրութուն վերցրել, իբր թե իրենք տեղեկացվել են աղբահանության վճարման նոր համակարգին. «Այդ ցուցակում հստակ երեւում են այն բնակարանները, որտեղ մարդիկ ապրում են եւ որտեղ չեն ապրում: Այդ ցուցակով նրանք պատրաստվում են առաջիկա ընտրություններին: Դա ինձ ասել են ՀՀԿ–ից` գաղտնի ձեւով: Այս մեթոդը արել են միշտ, հիմա օֆիցիալ են դարձրել: ԱՊՊԱ–ի համար ձեզ ծանուցում բերո՞ւմ են, լույսի վճարման համար ձեզ բերո՞ւմ են, ո՞վ է տեսել նման բան»:
ՀՀԿ-ականներից պարոն Մանուկյանին մի գաղտնիք էլ են բացել, ընտրությունների օրը նրան ասել են` «Ինչ եղել է, եղել է երեկ եւ դրսում, ներսում ոչինչ չի կատարվելու: Իսկապես, ընտրատեղամասում ես ոնց ասում էի` անում էին, ասում էի քվեատուփը սենց դրեք՝ դնում էին, քվեաթերթիկներն այստեղ դրեք՝ դնում էին»:
Արամ Մանուկյանը պարզել էր նաեւ, որ Հրազդանում նախորդ ընտրություններից հետո 3000 հոգի ցուցակներում ավելացել է. «Չի կարող Հայաստանի բնակչությունը քչանա, եւ Հրազդանի բնակչությունն ավելանա: Իմ տեղամասում մարդիկ խնդրում էին` Արտաշատից եմ գալիս, Ապարանից եմ գալիս, Աբովյանից եւ Չարենցավանից եմ, շուտ թողեք քվեարկեմ՝ հասնեմ, ձյուն է` ճանապարհները փակ են: Եվ այն գաղտնիքը, թե ինչու դրոշմակնիքներ չդրեցին, պարզ է` որպեսզի չերեւա, թե ովքեր են Աբովյանից, Արտաշատից եւ այլն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև