Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցվողների մեծամասնությունը չի մասնակցելու ընտրություններին և գոհ չէ ԱԺ աշխատանքից

Փետրվար 15,2012 15:14

«Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ի ներկայացուցիչներն այսօր «Սլաք» ակումբում հրապարակեցին ընտրությունների նախօրեին իրենց կատարած հարցումների արդյունքները: Դրանք անցկացվել են 720 անձի շրջանում, Երևանի բոլոր համայնքներում պատահական ընտրանքի եղանակով: Մասնակիցների 70 տոկոսը կանայք են, 30-ը` տղամարդիկ: Հարցվողները եղել են 18-25, 26-35, 36-50, 51-ից բարձր տարիքային խմբերի կուսակցական պատկանելություն չունեցող քաղաքացիներ: «Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ին հարցում անցկացնելու պատվեր է տվել «People meter» կազմակերպությունը:

Հարցման արդյունքում պարզվել է, որ հարցվողների մեծամասնությունը` 45%-ը, չի մասնակցելու առաջիկա ԱԺ ընտրություններին, մասնակցելու է հարցվողների 21%-ը, որոնցից 26%-ը ընտրելու է ՀՀԿ-ին, 21%-ը` ԲՀԿ-ին, 14%-ը` ՕԵԿ-ին, 11%-ը` ՀԱԿ-ին, 9%-ը` ՀՅԴ-ին, 7%-ը` «Ժառանգությանը»:

ԱԺ-ում գործարար պատգամավորների հայտնվելուն հարցվողների 42%-ը բացասական է վերաբերվում, 63%-ը կողմ է միայն համամասնական ընտրակարգին, ԱԺ գործունեությունը «վատ» է գնահատում 39%-ը, «լավ»` ընդամենը 17%-ը: Կառավարության աշխատանքից ևս գոհ չէ հարցվողների մեծամասնությունը` 33%:

Ըստ հարցման արդյունքների` տեղեկատվություն հարցվողների մեծամասնությունը ստանում է հեռուստացույցից, սակայն նրանց մեծամասնությունը` 38%-ը, վստահելի է համարում տպագիր մամուլը:

«Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոն»-ը գործում է ընդամենը մեկ տարի: Կենտրոնի աշխատակիցները հիմնականում երիտասարդներ են: Ուստի Aravot.am-ը կենտրոնի տնօրեն Զորիկ Մարտիկյանից հետաքրքրվեց` չե°ն վախենում, որ կարող են «օգտագործվել» քաղաքական ուժերի կողմից: Նա պատասխանեց. «Նման խնդիր լինել չի կարող, քանի որ մեր գերխնդիրն է հետևել հասարակական կարծիքի դինամիկային, ոչ թե զուտ հարցման արդյունքներ ներկայացնել: Մենք հարցում ենք իրականացնելու նաև ապրիլին, որպեսզի պարզենք, թե այդ փուլում ինչ կարծիք ունի հասարակությունը: Իսկ ընտրությունների օրը` անցկացնելու ենք էքզիթ փոլ և նույն օրը հրապարակելու ենք հարցումների արդյունքները»:

Դառնալով անկախ գործելու և որևէ հոսանքի կամ քաղաքական ուժի կողմից ճնշման ենթարկվելու մեր հարցին, Զ. Մարտիկյանը պատասխանեց. «Մենք չենք ենթարկվում տնտեսական, քաղաքական և որևէ այլ բլոկի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829