«Այն, ինչ տեսա Հրազդանում, ես կարդացել եմ Հյուգոյի եւ Կաֆկայի գրքերում, երբեմն շփոթված էի, երբեմն շոկի մեջ, որովհետեւ չէի պատկերացնում, որ այդպիսի վիճակ կարող եմ տեսնել: Ճակատ առ ճակատ ես բախվեցի աղքատությանը, թշվառությանը եւ արտագաղթի հետեւանքներին»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում Հրազդանի ընտրություններից ստացած տպավորությունը կիսեց ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը:
Ըստ նրա, ընտրատեղամասեր են այցելել մեծ թվով հոգեկան հիվանդներ, որոնք ոչ խոսել, ոչ ստորագրել, ոչ քայլել, ոչ ձայն հանել, ոչ կամք արտահայտել չեն կարողացել, ընդ որում, յուրաքանչյուր տեղամասում եղել է միջինը 40-50 հոգեկան հիվանդ ընտրող: Հյուգոյին պարոն Մանուկյանը հենց այդտեղ է հիշել, որովհետեւ հասկացել է, որ արտագաղթն ու աղքատությունը հիմնական միջոցներն են` ընտրությունները հաղթելու համար:
Հյուգոյին հիշելուց բացի, ընտրությունները նաեւ Արամ Մանուկյանին հիշեցրել են Գուժ Մանուկյանի ֆիլմը. «Ոստիկանները շարասյունով, միգալկաները միացրած, լույսերը միացրած պտտվում էին բոլոր տեղամասերով: Հիշո՞ւմ եք Գուժ Մանուկյանի ֆիլմը, որ մոտոցիկլով պտտվում էր` գերիների վրա հոգեբանական ճնշում գործադրելու համար, այդ ֆիլմի նման սրանք անընդհատ պտտվում էին, վայնասունը բարձրացրած, որ ահաբեկեն բնակիչներին»:
Չահաբեկված մարդկանց թիվը, ըստ պարոն Մանուկյանի, 11.500 էր, նրանք, ովքեր ընտրել են Սասուն Միքայելյանին:
Կարդացեք նաև
Բանախոսը նաեւ համոզված էր, որ ողջ կեղծիքները թաքնված են եղել ընտրացուցակներում. «Մուկուչյանին սպանեք էլ` նա ցուցակներ չի հրապարակելու: Իմ մոտ են նրա անհեթեթ նամակները, թե ինչու չեն հրապարակվելու ցուցակները: Որեւէ մեկին ցուցակները հասու չեն, դու կարող ես միայն քեզ տեսնել` ցուցակում կա՞ս, թե՞ չէ: Ոնց որ խմբով գնում եք կինո, բայց գնում ես մեկ–մեկ: Ցուցակները սրանց կեղծիքի սրբոցն են, ցուցակների մեջ է թաքնված բոլոր կեղտերը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ