Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուշարձանագետ Սամվել Կարապետյան. Անին ճարտարապետական խրախճանք է եղել

Փետրվար 15,2012 14:23

Անին մայրաքաղաք հռչակելու 1050-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում լույս է տեսել «Անի» պատկերազարդ եռալեզու(հայերեն, ռուսերեն, անգլերեն) ալբոմ-գիրքը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի» ղեկավար, անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, 900 տպաքանակով լույս տեսած գիրքն ունի մեկ ներդիր` Անիի հատակագծով` մշակված ճարտարապետ Աշոտ Հակոբյանի կողմից: Բաժիններն առանձնացված են ըստ հուշարձանների տեսակների` պաշտպանական համակարգի, արքունի, բնակելի, արտադրական, պաշտամունքային, կոթողային եւ ստորգետնյա` վիմափոր շինություններ: Ինչպես նշեց պարոն Կարապետյանը, նախկինում էլ Անիին վերաբերող հրատարակություններ են եղել. 1892-1911թթ. ընթացքում Նիկողայոս Մառի կատարած հետազոտությունների արդյունքում հրատարակվել են մի քանի տարեգրքեր, եւս մի քանի գիրք էլ լույս է տեսել 2001թ.-ին:

 «Այս գիրքն առանձնանում է նյութի համակարգով. ի մի են բերվել յուրաքանչյուր հուշարձանի մասին եղած եւ նոր հայտնաբերված տվյալները: Օգտագործել ենք Թորոս Թորամանյանի լուսանկարների մի մասը: Անդրադարձ կա այնպիսի շինություններին, որոնց մասին նախկինում չի խոսվել»,-հայտնեց բանախոսը եւ հավելեց, որ հուշարձանների մի մասը ներկայացված են նախկին եւ թվային վերականգնման արդյունքում ստացված տեսքով. «Պարգեւ Ֆրանկյանի նախագիծն էր դա, որի արդյունքում թվային վերականգնում են ստացել 7 հուշարձաններ, օրինակ` Բեխենց կամ Կուսանաց վանքը` եռաչափ մոդելավորմամբ»:

Հուշարձանագետի խոսքերով` շուրջ 660 լուսանկար պարունակող գիրքը նախատեսված է հիմնականում գիտական շրջանակների համար: Անդրադառնալով Անիի ճարտարապետական նշանակությանը` Սամվել Կարապետյանը նշեց, որ համաշխարհային ճարտարապետության մեջ Անին խտացնում է հայկական ճարտարապետական մտքի բոլոր հանճարեղ մտահղացումները. «Օրինակ` Հովվի տաճարների կամարները խաչվել են օդում: Անին «ճարտարապետության խրախճանք» է եղել եւ առեւտրական կապեր ունեցել ողջ աշխարհի հետ: Մայր տաճարի ջահը բերված է եղել Հնդկաստանից…»:

Խոսելով Հայաստանում կառուցվող նոր եկեղեցիներից` բանախոսը նշեց, որ ցանկալի կլիներ տեսնել հին եկեղեցիների նմանությամբ շինություններ: «Օրինակ` Հրազդանում կա Անիի Հովվի եկեղեցու մանրակերտով կառուցված եկեղեցի: Ես ողջունում եմ զարգացող շինարարությունը, սակայն ճիշտ չէ կառուցապատումը կենտրոնացնել միայն Երեւանում»,-ասաց հուշարձանագետը:

«Առավոտի» հետ զրույցում էլ ասաց, թե չափազանցված են այն տեղեկությունները, որ Անիի հատակագծի գրեթե նույն չափով եղել է նաեւ ստորգետնյա բերդաքաղաք:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829