Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգուցյալ սարագյուղցիներին դատարան հրավիրելը «Հայփոստի՞», թե՞` «Հայջրմուղի» մեղքով է

Փետրվար 15,2012 16:22

Անցած տարի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն դատի էր տվել Աշոցքի շրջանի սահմանամերձ ու ջրազուրկ  գյուղերից մեկի` Սարագյուղի բնակիչներին: Այդ ժամանակ գյուղապետ Յուրա Խչոյանը մեր հետ զրույցում դժգոհում էր, որ Ջրմուղն  այնպիսի «ազարտի» մեջ է ընկել, որ դատարան է հրավիրել անգամ  գյուղի հանգուցյալներին: Ըստ գյուղապետի, Սարագյուղը  մշտապես ջրազուրկ է, եղածն էլ` ցեխաջուր է` վտանգավոր բաղադրությամբ, Սանէպիդի կողմից օգտագործման համար պաշտոնապես արգելված է, եղել են նաև թունավորման դեպքեր: Գյուղապետը մեզ հետ զրույցում նաև պատմում էր, որ մարզպետարանից հյուրեր են եկել, ճանապարհին ծարավել են, սակայն տեսնելով Սարագյուղի ջրի գույնը` վախեցել են խմել:

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ «Հայջրմուղկոյուղու» պատասխանատուները եկել էին Շիրակի մարզ` գյուղապետերին համոզելու, որ սպասարկման  համար  նորից պայմանագիր  կնքեն իրենց կառույցի հետ: Հրավիրված պաշտոնյաների շարքում էին նաև  Աշոցքի շրջանի գյուղապետերն ու «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ Կենտրոն- Արևմտյան մասնաճյուղի Աշոցքի տեղամասի պետ Արկադի Հասրաթյանը: Մենք այս պաշտոնյայից հետաքրքվեցինք, թե ինչու՞ են մեռածներին անգամ  դատի տալիս: Նա մեղքն անմիջապես բարդեց  «Հայփոստի» վրա` պնդելով, որ դա եղել է այդ կառույցի թյուրմացության արդյունքում: «Երբ մենք դիմում ենք դատարան` մեր իրավունքների պաշտպանության համար, դա գիտեք իրավական առումով ունի որոշակի ընթացակարգ, նախ քաղաքացին պետք է ծանուցվի իր ունեցած պարտքի վերաբերյալ, նրան պետք է տրվի ժամկետ` պարտքը մարելու համար, դա կատարվում է «Հայփոստի» միջոցով, հետագայում պատվիրված ծրարով քաղաքացին ծանուցվում է, դրանից հետո հետադարձ ծանուցումն է ստացվում` իր ստորագրությամբ, այսինքն ինքը ստորագրել է չէ՞, որ ստացել է: Կամ էլ «Հայփոստից» պիտի ստանայինք համապատասխան ծանուցումը, որ քաղաքացին մահացած է: Դատական նիստի ժամանակ պարզվել է, որ  մեկ քաղաքացի մահացած է, այն էլ մեր ծանուցումից մեկ ամիս հետո է մահացել , գործը դատարան գնալուց հետո է մահացել, պատկերացրեք, դե դատարան գնալուց հետո այդ պրոցեսը  երկու ամիս է տևում: Ես էլ խնդրել եմ վարույթը կարճել», -ներկայացրեց ջրմուղի պաշտոնյան:

Նա այնպիսի իդեալական վիճակ էր նկարագրում  Աշոցքում`24 ժամյա անխափան, բարձորակ, քլորացումով ջրամատակարում, որ քիչ մնաց մոռանայինք, որ թե Սանէպիդը և թե Շիրակի մարզպետարանը պարբերաբար այս տեղանքի ջրի որակի ու ջամատակարարման  հարցն են քննարկում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829