Էմանուել Էմենիկեն, որ մինչեւ «Սպարտակ» տեղափոխվելը խաղացել է Թուրքիայի առաջնության «Կարաբյուկսպոր» թիմում, հարկադրված է լինելու մոտ ժամանակներս կանգնել Թուրքիայի դատարանի առջեւ: 24-ամյա նիգերիացին մեղադրվում է այն բանում, որ լինելով իր նախկին ակումբի լավագույն ռմբարկուն, չի մասնակցել «Ֆեներբախչեի» հետ հանդիպմանը, թեեւ վնասվածք չի ունեցել: Ճիշտ է, ակումբը հայտարարում է, թե ֆուտբոլիստը վնասվածք ունեցել է այդ հանդիպումից դեռեւս մեկ շաբաթ առաջ եւ պատրաստ է համապատասխան փաստաթղթեր ներկայացնել:
Էմենիկեն այնուհետեւ` անցած տարվա մայիսի 25-ին, 9 միլիոն եվրո տրանսֆերային գումարով տեղափոխվել է «Ֆեներբախչե»: Սակայն տեղեկանալով, որ թիմին պայմանավորված խաղերի համար կարող են զրկել չեմպիոնությունից եւ փոխադրել 1-ին խումբ, լքել է այն եւ տեղափոխվել Մոսկվայի «Սպարտակ»: Ընդ որում, հետաքննության ժամանակ ֆուտբոլիստը չորս օր անցկացրել էր բանտում:
Եթե ապացուցվի Էմենիկեի հանցակցությունը պայմանավորված խաղերին, նրան մինչեւ երեք տարվա ազատազրկում է սպառնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ