Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական համերգ եւ հայաստանյան տպավորություններ

Փետրվար 15,2012 13:56

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ համերգ՝ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակի առիթով, որին մասնակցում էր ՉԺՀ-ի Լանջոյի համալսարանի երաժշտական խումբը: Համերգը կազմակերպվել է ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի եւ Հայաստանում չինական դեսպանատան հետ համատեղ:

Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը փաստեց, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը գերակա խնդիր է, իսկ մշակույթի եւ կրթության ոլորտում իրականացվող քաղաքական երկխոսություններն էլ ավելի են զարգացել. «Մենք կապող օղակ ենք հանդիսանում մշակութային երկխոսության առումով: Չինարենը մեծ պահանջարկ ունի եւ շնորհիվ Կոնֆուցիուսի ինստիտուտի՝ հայ ուսանողները հնարավորություն ունեն չինարեն սովորել»: Լանջոյի համալսարանի ռեկտոր Ծինք Թաոն նշեց, որ ՀՀ անկախացումից հետո Չինաստանն առաջին երկրներից էր, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ, ինչը 20 տարիների ընթացքում տվեց լավ արդյունք:

Հավելենք, որ Լանջոյի համալսարանը ունի 102 տարվա պատմություն եւ 30.000 ուսանող: Ինչ վերաբերում է բուհի՝  Հայաստան ժամանած երաժշտական խմբին, այն կատարեց չինական ժողովրդական երաժշտություն եւ ազգային պարեր: «Առավոտի» հետ զրույցում  համերգի հանդիսավար, Լանջոյի համալսարանի անգլիական ֆակուլտետի ուսանողուհի Քի Չենը ասաց, որ չինական մշակույթում կարեւորում է ավանդական ժողովրդական երաժշտությունը, իսկ հայկական մշակույթից հատկապես տպավորված է ճարտարապետությամբ: «Այն հին է եւ բարձրաճաշակ: Հայ ժողովուրդը բարի է, հյուրընկալ եւ միշտ պատրաստ՝  օգնել: Այստեղից ինձ հետ կտանեմ հուշանվերներ եւ մարդկանց հաճելի վերաբերմունքը»,- ասաց Քի Չենը:

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829