Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թեյարան՝ բուհի «համակարգո՞ւմ»

Փետրվար 15,2012 13:52

Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանին ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի 70-Ա որոշմամբ թույլատրվել է իրեն անհատույց եւ անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված՝ Թումանյան 42 հասցեում գտնվող շենքի նկուղային եւ կիսանկուղային հարկերից 370 քմ մակերես տարածքը հանձնել վարձակալության 25 տարի ժամկետով՝ «Գաուդեամուս» ՍՊԸ-ին:

«Առավոտի» տեղեկություններով՝ համալսարանն իրեն հատկացված տարածքի մի մասը չի օգտագործում կրթական նատակներով. օրինակ՝ հարեւանությամբ գործում է թեյարան, մինչդեռ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ բուհին սեփականության իրավունքով տրամադրված շինությունները կարելի է օգտագործել տվյալ բուհի կանոնադրությամբ նախատեսված գործունեության ապահովման նպատակով: Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի կանոնադրության «Ընդհանուր դրույթներ» բաժնում սահմանված է, որ բուհի գործունեությունը նպատակաուղղված է «հումանիտար, հասարակագիտական, գիտության եւ մշակույթի տարբեր ուղղությունների բարձրագույն, հետբուհական եւ լրացուցիչ կրթության, հիմնարար գիտական հետազոտությունների ուսումնառության կազմակերպմանը»:

«Առավոտը» բուհի իրավական, վարչական եւ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանին խնդրեց պարզաբանել՝ արդյոք օրինական դաշտո՞ւմ է թեյարանի գոյությունը: Նա գրավոր պատասխանեց. «ԵՊԼՀ կողմից նշված տարածքները կրթական նպատակներով օգտագործվել չեն կարող, քանի որ դրանք նկուղային են եւ ՀՀ օրենսդրությամբ կրթական գործունեություն նկուղային տարածքներում իրականացնել թույլատրված չէ: Նշված տարածքը գտնվել է բավականին անմխիթար վիճակում եւ հետզհետե դառնում էր վթարային, իսկ բուհը տարածքը հիմնանորոգելու համար միջոցներ տրամադրելու հնարավորություն չի ունեցել եւ չունի: Վարձակալը կատարել է մոտ 25.000.000 դրամի ներդրում՝ նշված տարածքը հիմնանորոգելու, ենթակառուցվածքներ ստեղծելու, կահավորելու համար»: Դառնալով թեյարանի գործունեության անօրինականության հարցին, պրոռեկտորը պատասխանում է. «Վարձակալած տարածքից ընդամենը 40 քմ մակերեսը օգտագործվում է թեյարան կազմակերպելու համար: «Կրթության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի եւ ԵՊԼՀ կանոնադրության համաձայն՝ ուսումնական հաստատությունը պետք է կազմակերպի սովորողների եւ աշխատակիցների սննդի պայմանների ստեղծումը, ավելին, դա որպես պարտադիր պայման նախատեսված է կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայով: Բուհի տարածքում գործող բուֆետը իր կարողություններով եւ տարածքով չի բավարարում ուսանողների եւ աշխատակիցների պահանջը, իսկ համալսարանը նման գործունեություն իրականացնելու դեպքում պետք է լրացուցիչ հաստատագրված հարկ վճարի: Ուստի որոշվել է այդ գործունեությունն ավելի բարձր մակարդակով իրականացնելը վերապահել առեւտրային կազմակերպությանը, որը, բացի վարձակալության վճարից, վճարում է նաեւ սահմանված հարկերն ու տուրքերը: Համապատասխան փաստաթղթով սահմանված է, որ թեյարանում ԵՊԼՀ ուսանողները եւ աշխատակիցները օգտվում են 20 տոկոս զեղչով, իսկ մինչեւժամը 18-ը ոգելից խմիչքների վաճառք չի իրականացվում»: Գ. Բալայանը գրավոր պատասխանում նշում է, որ թեյարանն օգտագործվում է նաեւ գիտական, գրական, մշակութային միջոցառումների կազմակերպման համար: Պրոռեկտորը հերքեց այն լուրերը, թե թեյարանը պատկանում է իր բարեկամին:

ՏԱԹԵՎ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829